ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը կառավարության երեկվա նիստում սենսացիոն խոստովանություն է արել, գրում է «Հայկական ժամանակը»:
«Մարտի 1-ը ո՞վ էր ամբողջը Ֆիքսում, իշխանությունները ոնց էին «ռեգուիլիրոված» անում. դա մենք էինք, օնլայն տալիս էինք ամբողջ ինֆորմացիան»: Մարտի 1-ը ՀՀ իշխանությունների և հատկապես իրավապահ մարմինների կողմից կազմակերպված լինելու ավելի լավ խոստովանություն, թերևս, դժվար է գտնել: Բացի այդ, Գորիկ Հակոբյանի խոստովանությամբ ապացուցվում է և այն ,որ ՀՀ իրավապահները մարտի 1-ի իրադարձությունները կազմակերպելուց բացի, նաև կոծկել են տեղի ունեցածը: Մարտի 1-ի քրեական գործի նյութերում բացակայում է Գորիկ Հակոբյանի նշած «օնլայն տրված ամբողջ ինֆորմացիան»: Որտե՞ղ է այդ ինֆորմացիան, ինչու այն չի կցվել մարտի 1-ի քրեական գործին, արդյոք այդ ինֆորմացիայի մեջ չկան մարտի 1-ի տասը զոհերի սպանությունների կադրերը: Կարևոր է նաև պարզել, թե ում նկատի ունի ԱԱԾ տնօրենը` ասելով .«իշխանությունները ոնց էին «ռեգուլիրոված» անում»: Այդ ում է օնլայն ինֆորմացիա տրվել և ովքեր են այդ «իշխանությունները» , որ «ռեգուլիրոված» են արել: Իսկ ինչ վերաբերվում է Գորիկ Հակոբյանի այս խոստովանությունները հնչեցնելու պատճառին, ապա դա տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքի և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը ներկայացնելիս, որոնք վերաբերում են նաև հանրահավաքների ժամանակ ԱԱԾ-ականների դերակատարությանը: Թովմասյանն ասել է, որ ներկայացված նախագծերին հավանություն են տվել եվրոպացի փորձագետները: ԱԱԾ տնօրենն իր դժգոհությունը սկսել է նրանից, թե ինչու պետք է եվրոպացի փորձագետները որոշեն, թե հանրահավաքների ժամանակ ինչպես պետք է իրենց պահեն իրավապահ մարմինների աշխատակիցները և ԱԱԾ աշխատակիցները: Հակոբյանին հիմնականում զայրացրել է այն հանգամանքը, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, իրավապահները իրավունք չունեն հանրահավաքներին մասնակցել և, քանի դեռ հանրահավաքը խաղաղ է, նրանք իրավունք չունեն միջամտել: