Իտալիայի խորհրդարանը հրաժարվել է անչափահաս աղջիկների հետ սեռական կապերի մեջ մեղադրվող վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով զբաղվող քննիչներին իրավունք տրամադրել խուզարկում իրականացնել վարչապետին պատկանող անշարժ գույքի օբյեկտներում. հաղորդում է Associated Press-ը:
Ձայների մեծամասնությամբ խորհրդարանի պատգամավորներն արգելել են նաև խուզարկում իրականացնել Բերլուսկոնիի հաշվապահ Ջուզեպե Սպինելիի աշխատավայրում: Վերջինս կասկածվում է վարչապետի անունից փողեր փոխանցելու մեջ: Ըստ հետաքննության տվյալների` այդ գումարները ծախսվել են Բերլուսկոնիի կազմակերպած երեկույթներին աղջիկների ներկայությունն ապահովելու վրա:
Պատգամավորները վարչապետի դեմ հարուցված դատական գործը հետ են ուղարկել Միլանի դատախազություն` հետագա քննության համար:
Հիշեցնենք, որ հերթական սեքսուալ սկանդալը ծավալվել էր Բերլուսկոնիի անվան շուրջ դեռ 2010 թվականի սկզբին: Համաձայն հետաքննության տվյալների` 74-ամյա վարչապետը միջնորդել էր, որպեզի կալանավայրից ազատեն ապօրինի կերպով Իտալիայում բնակվող Ռուբի անունով մարոկուհուն: