Ադրբեջանն ու Պակիստանը նույն խնդիրների առաջ են կանգնած, ինչը պայմանավորված է Քաշմիրի և Ղարաբաղի հակամարտություններով, Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Աբդուլ Համիդը: Նշենք, որ Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը: Պակիստանի պաշտոնատար անձինք բացատրում են այս փաստը ղարաբաղյան հարցում Ադրբեջանին աջակցելու ցանկությամբ, թեև Բաքուն ինքը ճանաչել է Հայաստանը:
«Հայաստանն ու Հնդկաստանը համարվում են միջազգային իրավունքի հիմնական խախտողները: Այդ իսկ պատճառով մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին խոսող միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Քաշմիրից և Ղարաբաղից հեռացած փախստականների ճակատագրին, որոնց բռնի կերպով քշել են իրենց բնակավայրերից»,- դեսպանի խոսքերն է փոխանցում 1news.az-ը:
Նշենք, որ Քաշմիրը Հինդուստան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող վիճելի տարածաշրջան է: Քաշմիրի բաժանումը ամրագրված չէ սահմանների մասին պաշտոնական համաձայնագրերով, իսկ տարածաշրջանը համարվում է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության հիմնական օջախը: