Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12,7 միլիոն մարդու մոտ: Ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից: Ընդ որում, մահերի 2/3-ը գրանցվում է միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Միլիոնավոր մահերից կարելի է խուսափել, եթե իրականացվեն կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված միջոցառումներ, նշում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլոզից միասին վերցրած: Ըստ հաշվարկների` մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման, ևս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` համապատասխան միջոցառումներ չկիրառելու դեպքում 2005-2015 թվականների ընթացքում քաղցկեղից աշխարհում կմահանա 84 միլիոն մարդ:
Ինչպես նշում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ծառայությունը գրանցել է դրական տեղաշարժեր: Սակայն, միևնույն ժամանակ առկա են լուրջ խնդիրներ` հիվանդների դիմելիության, հետևաբար վաղ հայտնաբերման և ընդհանուր ապրելիության առումով:
Ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների մեծամասնությունը բուժում է ստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 2010 թվականին կենտրոն է ընդունվել ավելի քան 6200 հիվանդ, որից 3000-ը վիրահատվել է: