Home / Հայաստան / Հեղափոխական ալիքի` Հայաստան հասնելը ժամանակի հարց է. ԱԳՆ նախկին ղեկավար

Հեղափոխական ալիքի` Հայաստան հասնելը ժամանակի հարց է. ԱԳՆ նախկին ղեկավար

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ողջունում է այսօր Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան առջև կայանալիք ակցիան` ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի:

Պատասխանելով ակցիայի անցկացման վերաբերյալ Epress.am-ի հարցին` Արզումանյանը որպես օրինակ է բերել 2008 թվականին Ազատության հրապարակում անցկացվող փետրվարյան ցույցերը.

«Բնական է, որ ընդդիմադիր դաշտի երիտասարդները պետք է նման նախաձեռնությամբ հանդես գային: Երևի հիշում եք, թե ինչ ոգևորությամբ, հռճվանքով էինք կարդում աշխարհի տարբեր երկրներից մեզ սատարող նամակները: Դա հոգեբանական աջակցություն է, որը շատ կարևոր է», – ասել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

Նա նաև նշել, որ հեղափոխական ալիքի Հայաստան հասնելը ժամանակի հարց է, բայց «եթե 30 տարի ղեկավարած Մուբարաքի նման բռնակալներին են տապալում, այստեղի մանր բռնապետիկներին դժվար չի լինի տապալել»:

Արզումանյանի խոսքով` այսօր Եգիպտոսի համար շատ վճռորոշ օր է, քանի որ մահմեդական աղոթքի օր է, հոգևորականների խոսքից էլ շատ բան է կախված լինելու:

«Ինձ դուր չի գալիս հայկական որոշ լրտավամիջոցների և գործիչների` Եգիպտոսի մասին խոսելիս քաոս բառն օգտագործելը, քանի որ սա Մուբարաքի սադրանքն է: Նա ցանկանում է աշխարհին ներկայացնել, որ եթե ինքը չլինի, ապա Եգիպտոսում քաոս կլինի: Իրականում Մուբարաքն է Եգիպտոսի քաոսի պատճառը», – ասել է նա:

Ըստ Արզումանյանի` այսօր միայն Իսրայելին է ձեռնտու, որ Մուբարաքի որդին ևս 30 տարի ղեկավարի երկիրը: