Ռուսաստանն ընկղմված է սեփական տնտեսական խնդիրների մեջ և զարգացման այնպիսի ուղի է ընտրել, երբ ներքին խնդիրները ավելի կարևոր են, քան ցանկացած այլ բան: Այդ իսկ պատճառով անիմաստ է Ռուսաստանից այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ դրական նախաձեռնության սպասել: Day.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը:
«Խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը ներկայումս բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, որոնք 2010 թվականի սկզբում այդքան ակնառու չէին: Այսօր ռուսական իշխանություններին այլ հարցեր են հուզում»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով` ներկայիս ստատուս-քվոն որոշակի առումով ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ, ըստ Մոսկվայի, հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին և Ադրբեջանին դառնալ ավելի ուժեղ, հաստատել եկամուտները և տարածաշրջանում ավելի ծանրակշիռ դերակատարություն ունենալ:
«Մոտակա երկու-երեք տարիների ընթացքում Ռուսատանում լուրջ տնտեսական և քաղաքական խնդիրներ են հասունանում: Այս հանգամանքից ելնելով` հնարավոր կլինի կանխատեսել ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր տարբերակները: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Ռուսաստանը ոչ մի կառուցողական ծրագիր չունի ղարաբաղյան հակամարտության առնչությամբ»,- եզրափակել է քաղաքագետը: