Մինչ Եգիպտոսի խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, միջազգային քաղաքականության խոշոր խաղորդները, մասնավորապես, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արդեն փորձում են ակտիվորեն միջամտել հյուսիսաֆրիկյան երկրում ծավալվող գործընթացներին:
Ինչպես հաղորդում է ամերիկյան New York Time-ը, հղում կատարելով իր ամերիկյան պաշտոնական աղբյուրների վրա, Միացյալ Նահանգների վարչակազմն ակտիվորեն քննարկում է եգիպտացի պաշտոնյաների հետ Հոսնի Մուբարաքի հրաժարականի հարցը` ցանկանալով ժամանակավոր կառավարություն ստեղծել ներկայիս փոխնախագահ Օմար Սուլեյմանի գլխավորությամբ:
Մուբարաքը, իր հերթին, երեկ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտոնապես հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ:
«Ես կուշտ եմ ամեն ինչից: 62 տարի քաղաքացիական ծառայությունում աշախատելով` ես բավական հոգնել եմ: Ես ցանկանում եմ գնալ», – հայտարարել է Մուբարաքը` հավելելով, սակայն, որ «եթե ես այսօր հրաժարական տամ, Եգիպտոսում քաոս կսկսվի»:
Մուբարաքը նաև մեղադրել է ընդդիմադիր ուժերին, մասնավորապես, «Մահմեդականների եղբայրություն» կուսակցությանը չորեքշաբթի Կահիրեում տեղի ունեցած ջարդերի համար: Այս հարցով այլ կարծիք է արտահայտել ԱՄՆ Պետդեպը:
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ «ջարդերի համար պատասխանատու են Եգիպտոսի կառավարության մոտ կանգնած ուժերը»:
Ինչ վերաբերում է հազարավոր ցուցարարներին, որոնք գիշերն անցկացրել են Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, ապա նրանք պատրաստ չեն համաձայնել անգամ ժամանակավոր կառավարության տարբերակին: Ինչպես ավելի վաղ նշում էին ցուցարաները, իրենց հարկավոր է համակարգի և ոչ միայն Մուբարաքի փոփոխությունը, իսկ Օմար Սուլեյմանին նրանք ընկալում են որպես Մուբարաքի համակարգի մարդ:
Հիշեցնենք, որ այսօր հակակառավարական ուժերը «Հեռացման օր» են հայտարարել: Հազարավոր մարդիկ պատրաստվում են շարժվել դեպի նախագահական նստավայր ու այնտեղ պահանջել Մուբարաքի հրաժարականը: