ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը:
Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր:
Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Օրակարգային հարցերի շարքում այսօր համաժողովի մասնակիցները քննարկում են նաև գլոբալ կայունության և անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները: