Թուրքիայում ապրող ադրբեջանցիների կողմից հիմնադրված «Ադրբեջանցիների հետ համերաշխության խումբը» երեկ` փետրվարի 4-ին, բողոքի ցույց էր կազմակերպել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Իրանի դեսպանատան դիմաց:
Հիշեցնենք, որ ցույցի նպատակն էր բողոք արտահայտել վերջին շրջանում «Ադրբեջանի ներքին հարցերին Իրանի միջամտության վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի հետ Իսլամական Հանրապետության համագործակցության փաստի և Իրանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ»:
Ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ: Մասնակիցները թափահարում էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, և հետևյալ կարգախոսներ էին հնչեցնում` «Ղարաբաղը պատկանում է թյուրքերին», «Իրա՛ն, հեռացրու ձեռքերդ Ադրբեջանից», «Իրա՛ն, դադարիր աջակցել Հայաստանին», «Թավրիզ, Բաքու, Անկարա` ուժը միասնության մեջ է», «Կեցցե՛ ազատ և աշխարհիկ Ադրբեջանը», «Իրավունք Հարավային Ադրբեջանցիներին ` սովորել մայրենի լեզվով»:
Ակցիայի մասնակիցները դեսպանատան դիմաց սգո ծաղկեպսակ են դրել` նվիրված «հայ-իրանական եղաբայրությանը», հաղորդում է ANS Press-ը: