Հունվարի 25-ին Եգիպտոսում սկսված քաղաքական ճգնաժամն այդ երկրի տնտեսությանն արդեն իսկ 3,1 մլրդ դոլարի վնաս է պատճառել:
Այս մասին հայտարարվել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա տնտեսական թիմի համատեղ նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցեր իրականացնող հազարավոր ցուցարարներ շարունակում են հավաքված մնալ երկրի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում:
Պետական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ` նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը, Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում գտնվող նախագահական պալատում:
Հավաքին ներկա են եղել վառելիքի և ֆինանսների նախարարները, Կենտրոնական բանկի ղեկավարը և տնտեսության համակարգում աշխատող այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է գործակալության թղթակիցը: