Հայաստանի քաղաքական դաշտում լարումն ուժեղացել է, և միայն պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա ընտրությունների նախաշեմին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքական հետագա զարգացումների իր կանխատեսումներն է արել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտի օթյակները զբաղված են. կա ծայրահեղ ընդդիմություն` ի դեմս ՀԱԿ-ի, չափավոր ընդդիմություն` ի դեմս «Ժառանգություն» կուսակցության և մեղմ չափավոր` դա Դաշնակցությունն է:
«Ընդդիմադիր դաշտում տեղ գրավելն անհնար է, և պատահական չէ, որ Տիգրան Կարապետյանն իրեն կենտրոնամետ է համարում, որովհետև նա ոչ էս դաշտում տեղ ունի, ոչ էլ էն դաշտում: Իսկ կենտրոնը տեղ չէ, այլ սահման է, և նստել պարիսպի վրա և ասել, որ դու կենտրոն ես, դա նշանակում է, որ դու օդում կախված խաղալիքի ես նման, այլ ոչ թե քաղաքական ուժ ես ներկայացնում»,- ասել է բանախոսը:
Նա անդրադարձել է նաև իշխանական դաշտին և ասել, որ այնտեղ մեծ տեղ է զբաղեցնում Հանրապետականը, ավելի քիչ է` «Բարգավաճ Հայաստանը» և մի քիչ ավելի քիչ` ՕԵԿ-ը:
«Բայց «Բարգավաճ»-ի ախորժակը բավականին մեծ է, երևի` իր ղեկավարի չափերի համեմատ, 50+1-ը չգիտեմ որտեղից պիտի վերցնի»,- ասել է Ադիբեկյանը: