ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը չեղյալ է հայտարարել Շվեյցարիա կատարելիք այցը, որտեղ նա փետրվարի 12-ին պետք է ելույթ ունենար բարեգործական ընդունելության ժամանակ, որը կազմակերպում է իսրայելական «Կերեն հա-Յեսոդ» հիմնադրամը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Շվեյցարիա չմեկնելու պաշտոնական վարկածը անվտանգության նկատառումներն են, մինչդեռ իրավապաշտպանները համոզված են, որ Բուշը չի մեկնել Շվեյցարիա` մտավախություն ունենալով, որ իրեն կձերբակալեն:
Մի քանի միջազգայյին իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Մարդու իրավունքերի Միջազգային ֆեդերացիան, պատրաստվում են շվեյցարական դատարան ներկայացնել 2500 էջանոց հայց ընդդեմ Բուշի` մեղադրելով նրան Գուանտանամոյում բանտարկյալներին խոշտանգումների ենթարկելու մեջ: Բացի դրանից, նրանք հայցի կողմնակիցներին կոչ են արել Բուշին դիմավորել բողոքի ակցիաներով:
«Կերեն հա-Յեսոդ»-ը պնդում է, որ Բուշի այցը չեղյալ է հայտարարվել, որպեսզի այն փողոցային անկարգությունների առիթ չհանդիսանա: