Home / Հայաստան / Գյումրեցի վարորդները վաղը կփակեն Բավրայի ճանապարհը` ի նշան բողոքի

Գյումրեցի վարորդները վաղը կփակեն Բավրայի ճանապարհը` ի նշան բողոքի

Փետրվարի 8-ին առավոտյան Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ բողոքող վարորդները մտադիր են հավաքվել Գյումրիի կենտրոնական կայարանում և այնտեղից շարժվել դեպի Բավրա` փակելու Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է վերջին օրերի ակցիաների մասնակից Վահան Խաչատրյանը, ով, թեև վարորդ չէ, սակայն իր աջակցությունն է հայտնում բողոքողներին, ինչպես Գյումրիի բազմաթիվ քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին վարորդները, պատասխան չստանալով Շիրակի մարզի մարզպետարանից, փակել էին Երևանից Գյումրի տանող ճանապարհը, որի հետևանքով լուրջ խցանումներ էին առաջացել: Այնուհետև նրանք հավաքվել էին Գյումրիի հրապարակում:

Բողոքողների չորս ներկայացուցչներ հրավիրել էին մարզային ոստիկանություն, որտեղից էլ կապվել էին Երևանի պատկան մարմինների հետ և իրենց պահանջները ներկայացրել:

Ոստիկանության բաժնում իրենց խորհուրդ էին տվել գնալ Բավրայի մաքսակետ և դիմում-բողոք ներկայացնել, որը կփոխանցվի Երևան:

Ակցիայի ավարտին վարորդները նշել էին, որ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի, իրենք փետրվարի 9-ին, ժամը 10:00-ին կրկին հավաքվելու են` բողոքի ակցիա կազմակերպելու համար:

Ավելի ուշ նրանք որոշել են տեղափոխել ակցիան մեկ օր շուտ: