Եգիպտոսի իշխանությունների և ընդդիմադիր ուժերի բանակցությունները, որոնք մեկնարկել են շաբաթ երեկոյան և շարունակվել են կիրակի, առայժմ լուրջ արդյունքներ չեն տվել:
Ինչպես հարղոդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, բանակցություններին մասնակցող հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը` «Մահմեդականների եղբայրություն» կուսակցությունը, հայտարարել է, որ խիստ կասկածներ ունի առ այն, որ երկրի կառավարությունը պատրաստ է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում: Համաձայն «Մահմեդականների եղբայրություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդուլ Ֆոտուհի, Եգիպտոսի իշխանությունների կողմից բանակցություններին մասնակցող փոխնախագահ Օմար Սուլեյմանը «պատրաստ չէ կոնկրետ քայլեր ձեռնարկել»:
Ընդդիմադիր ուժերը պահանջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի և խորհրդարանի հրաժարականը, ինչպես նաև նոր կառավարության ստեղծում, որը կնախապատրաստի երկիրը նոր ընտրությունների:
Կառավարության ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում նշել են, որ իրենք պատրաստ են ստեղծել «Իմաստունների խորհուրդ»` Սուլեյմանի գլխավորությամբ, որն անհրաժեշտ փոփոխություններ կիրականացնի և կնախապատրաստի խորհրդարանական և նախագահական ընտրությունները:
Սակայն ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում նման տարբերակի` նշելով, որ այդ դեպքում հաջորդ նախագահական ընտրությունները նույն անազնիվ միջավայրում կանցկացվեն, ինչպես Մուբարաքի օրոք անցկացված բոլոր ընտրությունները:
Նշենք, որ բանակցություններին մասնակցելու համար չի հրավիրվել ընդդիմադության ղեկավարներից մեկը` Մոհամեդ Էլ Բարադեյը. բանակցություններին ներկա է եղել նրա ներկայացուցիչը:
Էլ Բարադեյը NBC հեռուստաընկերության հետ զրույցում դժգոհություն է հայտնել բանակցությունների ընթացքի վերաբերյալ` նշելով, որ «այս փուլում պարզ չէ` ով ում հետ է բանակցում»:
Նշենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ Կահիրեի Թահրիր հրապարակում շարունակում են պահանջել Մուբարաքի հրաժարականը: