Այս օրերին Երևանում է գտնվում Դերսիմի հայերի միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեկինը, ով եկել է ծանոթանալու Հայաստանի հետ և հայ հանրությանը ծանոթացնելու իր կազմակերպության ծրագրերի և նպատակների հետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրել է, որ Միության նպատակն է Դերսիմի հայերի ինքնության վերականգնումը, մշակութային հարստություններին տեր կանգնելն ու հայոց լեզուն սովորելը: Սակայն ինքը` Գյուլթեկինը, առայժմ դժվարանում է հայերեն խոսել:
«Ես էլ ներառյալ` երեք սերունդ է, որ Դերսիմում ապրել եմ` ամբողջովին կտրված արմատներից, կրոնական բոլոր ավանդույթներից և ընդհանրապես ազգային ավանդույթներից», – ասել է նա:
Հայերը սկսել էին Դերսիմ տեղափոխվել 19-րդ դարի վերջում` փախչելով ջարդից, և այստեղ բնակվող բոլոր ցեղատոհմերը, ըստ Գյուլթեկինի, անպայման հայկական արմատներ ունեն:
«Քանի որ նույն վախը շարունակում է ապրել մարդկանց մեջ, նրանք չեն գտնում քաջություն, որպեսզի խոստովանեն, որ իրենք ունեն հայկական արմատներ», – ասել է բանախոսը: Նա մեջբերել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերն այն մասին, որ «հայ լինելը որոշակի ընդդիմություն է համարվում»` նշելով, որ ինքը, այնուամենայնիվ, կայացրել է իր որոշումը, ինչին հետևեց դատարան դիմելը, անվան և կրոնի փոփոխությունը:
Գյուլթեկինը դժվարացել է ասել, թե ինչքան հայ է բնակվում Դերսիմում, սակայն ընդգծել է, որ Դերսիմի գյուղերի 75 տոկոսը հայաբնակ են: «Դերսիմի գյուղաքաղաքներն այդքան էլ մարդաբնակ չեն, բայց, միությունը հիմնելիս, ես որոշակի ուսումնասիրություն իրականացրեցի և 15 օրվա ընթացքում մոտավորապես 200 հայկական արմատներ ունեցող ընտանիք գտա», – պատմել է Գյուլթեկինը:
Բանախոսը նաև նշել է, որ դատարան դիմող և դավանանքը փոխող հայերի թիվը շատ քիչ է:
«Մարդկանց մեջ կա այն վախը, որ անցյալի իշխանությունը կարող է վերադառնալ և նորից կարող են ճնշումներ լինել: Անցյալի վախով են շարունակում ապրել», – տեղեկացրել է Դերսիմի հայերի միության նախագահը:
Ըստ Գյուլթեկինի` գոյություն ունի նաև նյութական խնդիր, ինչը ևս վախի պատճառ է հանդիսանում, «քանի որ այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության շնորհիվ Թուրքիայում իսլամացման գործընթաց է գնում»: