«Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է, և ես ու դու այն չենք լուծի: Ինչո՞ւ: Որովհետև այն ի սկզբանե կապեցին կրոնի հետ: Ոմանք այպես են աղոթում, ոմանք` այնպես»,- vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության պատճառների մասին` դերասանը նշել է, որ իրավիճակի մեղավորները առաջնորդներն են:
«Էական չէ` այդ առաջնորդները նախագահներն են, թե տարբեր համայնքների ղեկավարները: Երբ Երևանում, Բաքվում, Ղարաբաղում սկսվեցին հայտնի իրադարձությունները, ոչ մի առաջնորդ չեկավ և չկանգնեցրեց ժողովրդին: Երբ հայտնի գրող Հովհաննես Թումանյանը տեսնում էր, որ հայկական և ադրբեջանական գյուղերի միջև խնդիր է ծագում, օրինակ, ջրային գիծ անցկացնելու պատճառով, անմիջապես ձի էր նստում, գնում էր այդ գյուղերը և հաշտեցնում էր կողմերին` գտնելով փոխզիջման տարբերակներ: Իսկ ինչո՞ւ 80-ականների վերջին ոչ ոք այդպես չվարվեց: Հենց սա պարզ չէ: Հենց սա էլ ամենացավալին է»,- պատմել է Ջիգարխանյանը:
– Մի քանի անկիրթ մարդիկ կարողացան կրոնական հողի վրա անհամաձայնության օջախ վառել: Մենք միշտ չէ, որ սիրում ենք հարևանին` մեզ նմանին: Մեզ դուր է գալիս ապրել նրանց հետ, ովքեր մեզ նման չեն: Այդ իսկ պատճառով հայերին ու ադրբեջանցիներին հետաքրքիր էր կողք կողքի ապրել: Ես ողջ կյանքում ադրբեջանցու հետ ընկերություն եմ արել: Մենք պարբերաբար Ադրբեջան էինք մեկնում համերգներով, և ամեն ինչ հրաշալի էր: Ոչ մի ընդհարում չկար և չէր էլ կարող լինել:
Օրինակ, դու գիտես, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ նորմալ է: Բայց ես հիշում եմ, որ հասարակ մարդիկ լավ էին տրամադրված միմյանց նկատմամբ: Օրինակ, խորհրդային տարիներին մենք ֆիլմ էինք նկարահանում հայ-թուրքական սահմանի վրա: Հանկարծ ձայներ լսեցինք թուրքական կողմից: Պարզվեց, որ Թուրքական սահմանամերձ գյուղի կովը գետն է անցել: Նշեմ, որ հենց այդ գետն է սահման հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի միջև: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ: Ոչ ոք այն իրեն չվերցրեց, թեև կարող էր: Ոչ ոք ոչինչ չարեց: Կովին շրջեցին և հակառակ ուղղությամբ հետ ուղարկեցին: Եվ դա արեցին հասարակ հայերը: Այսինքն, դա նշանակում է, որ եթե մենք երկուսով ցանկանանք անհանդուրժողականություն ստեղծել, մենք դա կանենք:
– Ես հասկանում եմ, որ կանխատեսումներ անելն ամենաանշորհակալ գործն, է, բայց այնուամենայանիվ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կկարգավորվի իրավիճակը:
– Վախենամ կտրուկ լինել, սակայն ես կարծում եմ, որ որոշ մարդիկ այս հակամարտության վրա ձեռքերն են տաքացնում: Եվս մեկ օրինակ բերեմ Թումանյանից: Նա մի հեքիաթ է գրել` «Մի կաթիլ մեղրը», որը շատ նման է մեր այս իրավիճակին: Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր թեժացնում են երկու երկրների մեջ գոյություն ունեցող հակամարտությունը, շահադիտական նպատակներ են հետապնդում:
Մի անգամ, խորհրդային տարիներին, երբ Բաքվում էի, հանդիպեցի Հեյդար Ալիևի հետ: Այդ ընթացքում մենք նկարահանում էինք հայտնի «Թեհրան-43» ֆիլմը: Ես նրա աշխատասենյակում էի: Նա շատ ջերմ ընդունեց ինձ:
Բացի այդ, Հեյդար Ալիևն օգնեց ինձ Մոսկվայում բնակարան ստանալ: Եվ ես միշտ եմ ասել, որ շնորհիվ Հեյդար Ալիևի բնակարան եմ ստացել: