Home / Հայաստան / «Աստված հեռու պահի բոզի շառից». Գլխավոր դատախազը՝ ԱՄՆ դեսպանին

«Աստված հեռու պահի բոզի շառից». Գլխավոր դատախազը՝ ԱՄՆ դեսպանին

«Русский репортер» կայքը հրապարակում է Wikileaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերը: Դրանցից մեկում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը (Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2004-ից 2006 թվականը – Epress.am) պատմում է մեր երկրում մարմնավաճառության խնդրի մասին:

«Օգոստոսի 8-ին դեսպանը, փոխդեսպանը և դեսպանի օգնականը հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանդիպման առիթ է հանդիսացել 3 մարմնավաճառների հետ մեր զրույցը, ովքեր հայտարարել էին, որ իրենց Հայաստանից Թուրքիա են տեղափոխել Վրաստանի տարածքով կեղծ փաստաթղթերով, որից հետո բռնի կերպով պահել են և սպառնացել են կալանքով: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղյակ էր հանդիպման պատճառի մասին: Նա անթաքույց քմծիծաղ է տվել, երբ դեսպանը նշել է զրույցի թեմայի մասին: Մինչ կոնկրետ հարցին վերաբերող քննարկմանն անդրադառնալը, Հովսեփյանը մի քանի րոպե շարունակ թվարկել է Հայաստանի ձեռքբերումները մարդկանց առևտրի դեմ պայքարում: Այնուհետև նա ասել է մեզ, որ արդեն լսել է այդ մեղադրանքների մասին մեկ շաբաթ առաջ Ազգային Անվտանգության Ծառայությունից` հավելելով, որ ինքն արդեն խնդրել է ԱԱԾ-ին քննություն անցկացնել տուժածների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որոնք դիմել են պետական մարմիններին: (Դեսպանը հատուկ չի նշել ոչ մի հասարակական կազմակերպության անուն, բայց երբ դատախազն ինքն է դա արել, դեսպանը հաստատել է դրանց` գործում ներգրավված լինելու փաստը):

Հուլիսի 28-ին այդ պատմության երեք զոհերը հարցաքննվել են Գյումրիում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների կողմից: Հարցաքննությունից հետո նրանք ներխուժել են «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության երևանյան գրասնեյակ և բողոքել են քննիչներ Արիստակես Երեմյանի և Արմեն Գասպարյանի պահվածքից:

Մենք «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության գրասենյակում հանդիպել ենք կանանց հետ, որտեղ մանրամասն խոսել ենք երկու մարմնավաճառների` Կարինե Մկրտչյանի և Կարինե Մադոյանի հետ: Մկրտչյանը հայտարարել է, որ ինքն ու Մադոյանը 2005 թվականին մեկնել են Թուրքիա, որտեղ պետք է մարմնավաճառ աշխատեին կավատ Մարիանուշ Հարությունյանի մոտ: Մկրտչյանն ասել է, որ Թուրքիա ժամանելուց անմիջապես հետո իրենց արտաքսել են Բաթումի:

Տուժածների պատմություններում կան որոշ անհամապատասխանություններ: Մեզ մոտ նույնիսկ հարցեր առաջացան տուժածներից մեկի հոգեկան վիճակի կապակցությամբ: Ինչևէ, մենք համոզված ենք, որ պատմություններն իրական են:

Մադոյանը և Մկրտչյանն ասել են, որ իրենց վճարել են միայն իրենց աշխատածի կեսը: Մկրտչյանը, ով կավատի մոտ աշխատել է 4 ամիս, ասել է, որ ստացել է վաստակած 10000 դոլարից միայն 1000 դոլարը, իսկ Մադոյանը հայտարարել է, որ իրեն դեռ 3000 դոլար պետք է տան մեկ տարվա համար:

Հովսեփյանն ասաց մեզ, որ ինքն անձամբ քննել է նրանց հայտարարությունները: Նրա խոսքերով՝ գործի ձայնագրությունները հստակ ցույց են տալիս, որ մարմնավաճառները ստել են: Հովսեփյանը նրանց անվանեց «անպատասխանատուներ և օրինախախտներ»: Նա միանշանակ կրկնեց, որ մարմնավաճառները բարկացել են այն փաստից, որ քննություն անցկացնողները չեն օգնել իրենց կավատից մնացած գումարը ստանալ, և որ նրանց մեղադրանքերը պայմանավորված են գումար ստանալու ակնկալիքով: Նա պաշտպանում էր քննիչ Երեմյանին (սա զարմանալի չի թվում, քանի որ մենք ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանից տեղեկատվություն էինք ստացել, որ գործը հետաքննող Երեմյանը վայելում է Հովսեփյանի լիակատար աջակցությունը): Հովսեփյանը, Երեմյանին պաշտպանելիս, մեջբերել է մի հայկական ասացվածք` «Աստված հեռու պահի բոզի շառից»», – ԱՄՆ դեսպանի պատմածը ներկայացված է Wikileaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում:

Լուսանկարում՝ Աղվան Հովսեփյանը Ջոն Էվանսի հետ զրուցելիս, լուսանկարը` usa.am: