Առաջիկա օրերին, չի բացառվում` նաև այսօր, վերջնականապես կհանգուցալուծվեն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև անցած տարվանից սկսված տարաձայնությունները, գրում է «168 ժամ» օրաթերթը:
Մեր տեղեկություններով, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավար կազմերի` երեկ առավոտյան կայացած հանդիպման ժամանակ: Ըստ այդմ, առաջիկա օրերին կայանալու է կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը (խոսքը ոչ թե կուլիսային, այլ հրապարակային հանդիպման մասին է, որի արդյունքների վերաբերյալ պաշտոնապես հայտարարվելու է), կամ կոալիցիայի նիստ, որի օրակարգում լինելու է կոալիցիային ԲՀԿ-ի անդամակցության հարցը: Իշխանական շրջանակներում ավելի հավանական է համարվում, որ, ի վերջո, այս պատմությունը կավարտվի նրանով, որ կոալիցիան` ԲՀԿ-ով հանդերձ, պաշտոնապես կհայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: