Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները տարակուսանքի մեջ են այն փաստի կապակցությամբ, որ իրենց քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը շարունակում է իր դիրքը զբաղեցնել, չնայած նրա անվան հետ կապված մի քանի աղմկահարույց միջադեպերի:
Նշենք, որ դեռևս 2010 թվականի օգոստոսի սկզբին բուլղարական մի շարք թերթեր և կայքեր, մասնավորապես, 24часа.bg-ն, գրել էին սկանդալային պատմության մասին, որի գլխավոր «հերոսն» էր դարձել տեր Սարգիսը:
Վերջինս հուլիսի 31-ի գիշերը հարձակման էր ենթարկվել «Златы пясцы» հայտնի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին տեր Սարգսի վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել նրա գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Նշենք, որ հարձակվողները հայեր են եղել, որոնցից երկուսին ձերբակալել էին: Իրավապահ մարմինները հարցաքննել են նաև տեր Սարգսին, ով ի պատասխան քննիչ Դիմիտար Դիմիտրովի այն հարցի, թե ինչ էր անում եկեղեցու սպասավորը գիշերվա կեսին գիշերային ակումբում, պատասխանել է, որ նստած էր իր ընկերոջ հետ, որը եկել էր Ռուսաստանից, և իրենք «ընդամենը 2 հատ 50 վիսկի էին խմել»:
Epress.am-ի զրույցում Բուլղարիայի հայկական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ դեպքից հետո Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին տեր Սարգսին կարգալույծ անելու խնդրանքով, սակայն մինչ այսօր քահանան պահպանում է իր դիրքը Վառնայում:
Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները ասել են են, որ իրենք «բաց նամակներով են դիմել Վեհափառ հայրապետին՝ նշելով, որ տեր Սարգիսը նաև ներգրավված է թմրանյութերի բիզնեսի մեջ»:
Համայնքի ներկայացուցիչներին վրդովվեցնում է այն փաստը, որ Էջմիածինը լուծում չի տալիս իրենց «թեպետ փոքր, բայց Հայկական թեմի խնդիրներին»:
Վառնայում շատերի կարծիքով՝ տեր Սարգսի վրա իրագործած հարձակումը կապված է եղել վերջինիս բիզնես հետաքրքրությունների հետ:
Քահանան բուլղարական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ չգիտի իր վրա հարձակման իրական պատճառը: