Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ համայնքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն տեր Սարգիսը դեռ չի ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է գտնվում:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամը:
Տեր Վահրամը նշել է նաև, որ իրենք Բուլղարիայի թեմական խորհրդի կողմից 2010 թվականի նոյեմբերին գրություն են ստացել միջադեպի առնչությամբ:
«Մենք հետևողականություն կցուցաբերենք և զրույցից և գործը քննելուց հետո կկարողանանք որոշում կայացնել»,- ասել է տեր Վահրամը:
Հիշեցնենք, որ դեռևս 2010 թվականի օգոստոսի սկզբին բուլղարական մի շարք թերթեր և կայքեր, մասնավորապես, 24часа.bg-ն, գրել էին սկանդալային պատմության մասին, որի գլխավոր «հերոսն» էր դարձել տեր Սարգիսը:
Վերջինս հուլիսի 31-ի գիշերը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին տեր Սարգսի վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել նրա գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Epress.am-ի հետ զրույցում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել այն կապակցությամբ, որ տեր Սարգիսը շարունակում է պահպանել իր դիրքը Վառնայի եկեղեցում: