ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը և Արթուր Գրիգորյանը հաղորդագրություն են տարածել առ այն, որ այսօր` փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից իրենք ստացել են իրենց պաշտպանյալ` Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը:
«Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` հանցագործության կատարմանը մեր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,- ասվում է նրանց հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո Սուքիասյանը գտնվում էր ընդհատակում: Նա ընդհատակից դուրս է եկել 2009 թվականի սեպտեմբերի 2-ին և կամավոր հանձնվել իրավապահ մարմիններին: Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
Սեպտեմբերի 21-ին նրան թույլ են տվել մեկնել Գերմանիա բուժման նպատակով: Գերմանիայից Հայաստան Խաչատուր Սուքիասյանն այդպես էլ չվերադարձավ: