Վերջերս ստեղծագործական դադարից դուրս գալու մասին հայտարարություն արած ամերիկյան System of a Down խումբը ելույթ կունենա Մոսկվայում:
2011 թվականի հունիսի 21-ին խումբը հանդես կգա «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում:
Ավելի քան 5 տարի լռություն պահպանած System of a Down-ը պաշտոնապես հայտարարել է խմբի վերամիավորման մասին 2010-ի նոյեմբերին: Խումբը պատրաստվում է մի շարք համերգային ծրագրերով հանդես գալ Եվրոպայում, սակայն միաժամանակ նշում է, որ դեռևս մեծ ծրագրեր չունի, ինչպես օրինակ ձայնասկավառակի թողարկումը:
System of a Down խումբը ստեղծվել է 1995 թվականին Լոս Անջելեսում ազգությամբ հայ մեներգիչ Սերժ Թանկյանի, կիթառահար Դարոն Մալաքյանի, բաս կիթառահար Շավո Օդաջյանի և թմբկահար Ջոն Դոլմայանի կողմից: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում խումբը 5 ալբոմ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե: Խմբի ստեղծագործական դադարի ընթացքում Սերժ Թանկյանը զբաղվում էր մենակատարի իր կարիերայով, Մալաքյանն ու Դոլմայանը հիմնել էին Scars On Broadway խումբը: