Home / Հայաստան / «Ժառանգությունը» պատրաստ է ՀՅԴ-ի հետ միասին բարելավել ընտրական գործընթացները

«Ժառանգությունը» պատրաստ է ՀՅԴ-ի հետ միասին բարելավել ընտրական գործընթացները

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ` նշելով, որ այլընտրանքային միասնական նախագծի ձևավորման նպատակով նախաձեռնելու է խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ, որոնց արդյունքներով կկազմակերպի Ընտրական օրենսգրքի ընդդիմության միասնական այլընտրանքային նախագծին նվիրված համաժողով:

Նույն օրը «Ընտրական իրավունքի» շարժման նախաձեռնության մասին հայտարարել էր նաև ՀՅԴ-ն:

Epress.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, իրենք ողջունում են այն բոլոր նախաձեռնությունները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացների բարելավմանը:

Մեր այն հարցին, թե արդյոք այս հարցում հնարավոր է համագործակցություն ՀՅԴ-ի հետ, Ստեփան Սաֆարյանն ասել է, որ համագործակցության եզրեր իրենք ունեն այն պարզ պատճառով, որ արդեն մի քանի տարի է` Ընտրական օրենսգրքի բարեփոխման բազմափուլ ստրատեգիա են իրականացնում:

Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի իրենք ՀՅԴ-ի հետ 10 կետից բաղկացած համաձայնագիր են պատրաստել ԸՕ-ի բարեփոխման վերաբերյալ, որը ներկայացվել է հանրության լայն քննարկման:

«Կարծում եմ, որ եթե խոսում ենք ընտրական գործընթացների մասին, եթե Դաշնակցությունը պիտի ծավալի կամպանիա, որ հասարակությունը կաշառք չվերցնի, մենք էլ ծավալենք ընտրական գործընթացների բարեփոխումները, ապա մենք մեկ ընդհանուր շարժման հետ գործ ունենք»,- եզրափակել է Ստեփան Սաֆարյանը: