Այսօր հողի աշխատավորին պետությունը հանձնել է բախտի քմահաճույքին: Բանկերը, գյուղացու համար հիմնականում անհասու են, եթե նույնիսկ վարկ ստացողներ են լինում, ապա բարձր տոկոսադրույքների պատճառով և այն մարելու համար, գյուղացին ստիպված է լինում հողը վաճառքի հանել: Այս մասին ասված է սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հողային օրենսգրքում վերջին փոփոխության արդյունքում (այժմ գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր կարող է լինել ոչ միայն տվյալ համայնքի անդամը, այլ նաև դրսից եկածը) մոտ 80 000 հեկտար պահուստային ֆոնդը, նախատեսված նորաստեղծ ընտանիքների համար, գրեթե ամբողջությամբ վաճառվեց օլիգարխներին և քաղաքից եկած չինովնիկներին: Պետական պատկան մարմինները այսպիսով գյուղացուն պարտադրում են կաշառքի միջոցով օրենքով չնախատեսված հողակտորների վրա տան շինարարություն իրականացնել: Իշխանությունները, իրենց հանցավոր նպատակն իրականացնելու համար փոխեցին Հողային օրենսգիրը, որպեսզի գյուղերի զարգացման համար նախատեսնված պահուստային հողերի սեփականատեր դառնան: Արդեն իսկ կատարված փաստ է, որ գյուղերի զարգացման, ծավալման համար այլևս հողեր չեն մնացել», – նշում են հայտարարության հեղինակները:
ՍԴՀԿ-ն որպես գյուղացիների առաջնային խնդիրներ է նշում անօրինականություններն ու կաշառակերությունը, թանկ վառելիքը, գյուղատնտեսական տեխնիկայի, սերմնացուների և որակյալ թունաքիմիկատների բացակայությունը, ինչն անհնար են դարձնում հողի մշակումը:
«Օլիգարխների կողմից վերահսկվող շուկաներում, վերավաճառողները ուղղակի թալանում են գյուղացուն: Նպատակային անկատար, հանցավոր օրենսդրությունը, միջոցների բացակայությունը, բերում են նրան, որ գյուղացին վաճառելով իր հողը հերթական օլիգարխին լքում է հայրենիքը: Այս է պատճառներից մեկը, որ Գելափի ինստիտուտի տվյալներով վերջին երեք տարում Հայաստանը լքել է մոտ 120 000 մարդ: Իրականում այս թիվը շատ ավելի բարձր է: Իշխանությունների կողմից վարվող հանցավոր ներքին (արտաքինի մասին խոսելը անիմաստ է և ոչ պատվաբեր) քաղաքականության արդյունքում Հայաստանի հարյուրավոր գյուղեր, այդ թվում սահմանամերձ, քայքայվել են, կամ գտնվում են դրա եզրին:
Պարոնայք ոչ լեգիտիմ իշխանավորներ, սթափվեք, շուտով գարուն է, դեմքով անհապաղ շրջվեք դեպի հողի աշխատավորը և նրա հոգսերը, խնդիրը համազգային է և սպառնում է վերածվել գյուղացիական համընդհանուր անհնազանդության: Հույսներդ չդնեք մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների փակման վրա: ԳՅՈՒՂԸ, որ կանգնի, գերան կկոտրի», – եզրափակում են հայտարարության հեղինակները: