Երբ որ քաղաքացիները հասկանան, որ կամ իրենք են տնօրինում իրենց բախտը, կամ, այսպես կոչված, «սատանան», որը ոչ թե խորամանկ էակ է, այլ ձևավորվում է որոշակի գործառույթների, իրավիճակների ընթացքում, որը խեղդում է ամեն մի լավ բան, այդ ժամանակ կլինեն իրական փոփոխություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Մի տիպիկ օրինակ բերեմ, երբ 88-ին ժողովուրդը կանգնած էր հրապարակում, և անգամ այն ժամանակ, երբ այդ ժողովուրդը հեռացավ, շարժման ներկայացուցիչ մաքրագույն մարդկանց մեջ տեղի ունեցան բացասական փոփոխություններ, այսինքն` հայտնվեց պայմանական սատանան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Մանուչարյանը:
Նա նշել է, որ քաղաքացիական պարտքը միշտ պետք է լինի մարդկանց մեջ, և ժողովուրդը մնա տիրոջ կարգավիճակում, ինչը չի նշանակում ամբողջ օրը դրսում մնալը:
«Այսօր Հայաստանում ցանկացած բան կարող է կայծ հանդիսանալ, իսկ Ազատության հրապարակի հետ կապված, Հայաստանում դա շատ խորհրդավոր և շատ կարևոր տեղ է, և դա ընդհանրացման տեղ է: Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներում, ով որ ցանկանա ամբողջական գործունեություն սկսել, երբ ամբողջ ժողովուրդը պետք է գործին, գործառույթին մասնակցի, նախնական աշխատանք եթե կատարված է այդ ուղղությամբ, ապա Ազատության հրապարակը նորից կդառնա այն հրապարակը, որտեղ նորից կծնվի նոր Հայաստանը», – ասել է Մանուչարյանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Մարտի 1-ն այդ կայծը չէր, որը խեղդեցին, Մանուչարյանն ասել է, որ Մարտի 1-ին հասարակությունը բաժանված էր երեք հատվածի` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ, Սերժ Սարգսյանի կողմնակիցներ, և մի հատված, որոնք ոչ մեկի, ոչ մյուսի կողմնակիցն էին:
«88 թվականին կարևոր չէր, այնտեղ 1000 մարդ էր կանգնած, 10000, թե 1 միլիոն: Այնտեղ միշտ կանգնած էր ողջ ժողովուրդը, եթե նույնիսկ շատերն այնտեղ չէին, միևնույնն է` հրապարակն էր երկրի կարգավորիչը և բոլորի ամբողջացման կիզակետը: Մարտի 1-ին այդպիսին չէր իրավիճակը, ովքեր կրակոցներով փորձում էին պաշտպանել կյանքի այն դրվածքը որը կար, նրանք հաջողեցին»:
Լրագորղի այն դիտարկմանը, թե կա իշխանական տեսակետ` համաձայն որի այսօր ինչ կա, դրա սաղմերն անհրաժեշտ է փնտրել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների ժամանակահատվածում, Մանուչարյանն ասել է.
«90 թ.-ին երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, կատարվեց մի կոպիտ սխալ, զարգացման ուղին ընտրելու առումով, այդ սխալի կատարումը կապված է ոչ թե մեկ անձի հետ, այլ մեր ամբողջականությունը, մեր հասարակությունը այդ ժամանակ չկարողացավ ճիշտ գիտակցել, թե որն է ճանապարհը, և երևի թե ի վիճակի էլ չէին. մեր մակարդակը, մեր պատկերացումներն այնպիսին էին, որ պետք է վերցնեինք արևմտյան այդ կլիշեները, և դրանով առաջնորդվելով գնայինք առաջ, մենք չէինք տեսնում, որ արդեն այդ աշխարհը հենց Արևմուտքում գտնվում էր ճգնաժամի փուլում: Մենք տեսնում էինք միայն խորհրդային ճգնաժամը, և նետվեցինք այդ ուղղությամբ: Մարդիկ, ով նման կարծիք է հայտնում, հենց դա ի նկատի ունեն, այդ սխալները բերեցին այս իրավիճակին, բայց դա ոչ ոքի չի արդարացնում»,- եզրափակել է Մանուչարյանը: