ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը կարծում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր թեկնածությունը չի առաջադրի 2012 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին Գորբաչյովը հայտարարել է Sky News հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում:
«Ամենայն հավանականությամբ նա չի մասնակցի նախագահական ընտրություններին: Երկու ժամկետով աշխատել է, այդքանը բավարար է: Նա ճիշտ է վարվել»,- ասել է Գորբաչյովը: 2012 թվականի ընտրությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գորբաչյովը զգուշավոր կանխատեսում է արել. «Միգուցե նրանք կրկին փոխվեն տեղերով»: Այս արտահայտությունից ելնելով` շատ ռուսաստանյան ԶԼՄ-ներ եզրակացություններ են արել, այն մասին, որ Պուտինը, իր թեկնածությունը կառաջադրի 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Միաժամանակ 2012 թվականի ընտրությունների առնչությամբ իր կանխատեսումն է արել նաև ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովը: «Պուտինն արդեն որոշում է կայացրել կրկին բարձրանալ այդ աթոռին»: Նրա խոսքով` «Մեդվեդևը Պուտինի կողմից չի առաջադրվի երկրորդ անգամ»:
Ոչ ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ոչ Պուտինը 2012 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված իրենց ծրագրերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չեն արել: