«Հայաստանում և հետխորհրդային մյուս պետություններում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է», – պնդում են ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետները: Stratfor-ի զեկույցին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը:
Հետազոտական կենտրոնի կողմից հրապարակած զեկույցում ասված է. «Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաների և անկարգությունների նախադրյալներ չկան, թեև Հայ ազգային կոնգրեսը, որ ղեկավարում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոգևորված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից` փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել»:
Stratfor-ի աղբյուրները վկայում են, որ 10 հազար մասնակիցների պարագայում ընդդիմությունը մեծ ոգևորություն կապրի: Բայց անգամ մի քանի հազար ցուցարարների մասնակցությունը այդ հանրահավաքին ընդդիմության կողմից կընկալվի որպես լուրջ հաջողություն:
«Հստակ չէ նաև` արդյոք ընդդիմությանը հնարավորություն կտրվի՞ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բացահայտեցին բողոքի ակցիաների հետ կապված իրենց ծրագրերը, Երևանի քաղաքապետարանից հայտարարեցին, որ հրապարակը զբաղված է լինելու, քանի որ փետրվարի 15-ից մարտի 15-ը այնտեղ մարզական և մշակութային միջոցառումներ են անցկացվելու», – նշում են Stratfor-ի մասնագետները:
Ամերիկացի փորձագետների կարծիքով, սակայն, «ընդդիմության բողոքի ակցիաները առաջիկա ժամանակաշրջանի առանցքային իրադարձություններն են լինելու և արժանի են լուրջ դիտարկման»: «Այնուհանդերձ, իշխանությունների հետ պայքարի առումով Հայաստանի ընդդիմության կարողությունները շարունակում են սահմանափակ մնալ, այդ իսկ պատճառով Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում ամենաքիչ ռիսկայինն է», – նշված է Stratfor-ի զեկույցում:
Հետխորհրդային տարածքի ռիսկի գոտում էլ Stratfor-ի մասնագետները երեք պետություն են ընդգրկել:
«Մի քանի պետություններ, այնուհանդերձ, առկա են, որտեղ քաղաքական եւ սոցիալական անկայունության վտանգը բավական մեծ է: Այդ ռիսկերը, սակայն, Եգիպտոսի իրադարձությունների հետ որևէ առնչություն չունեն: Նման պետությունների թվին կարող ենք դասել Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը», – նշում է զեկույցի հեղինակ Յուջին Չաուսովսկին: