Ադրբեջանում զգալի նվազել է ապօրինի ներգաղթյալների թիվը նրանից հետո, երբ Բաքվի օդանավակայանում դադարեցվել է արտասահմանցի քաղաքացիներին վիզաների տրամադրումը (բացառություն են կազմում միայն Թուրքիայի քաղաքացիները): Այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում ասել է ապօրինի միգրացիայի դեմ պայքարի վարչության ղեկավար Ալի Մարդանովը:
«Եթե նախկինում մենք արտաքսում էինք ապօրինի կերպով մեր երկրում բնակվողներին, իսկ մյուս կողմից` նրանք գնալով ավելի շատ էին սկսում ժամանել Ադրբեջան, ապա ներկայումս մենք մաքրում ենք տարածաշրջանն այստեղ մնացած ապօրինի բնակիչներից»,- հայտարարել է Մարդանովը:
Նրա խոսքով` այս տարվա հունվարին Ադրբեջանից արտաքսվել են 231 ապօրինի ներգաղթյալներ:
Նրանց շարքում մեծամասնություն են կազմել Պակիստանի քաղաքացիները` 70 մարդ, այնուհետև թուրքերը` 65 մարդ, 39 չինացի, 22 թուրքմեն, ինչպես նաև Աֆղանստանի, Վրաստանի, և Իրանի երկուական քաղաքացի: Նախկինում ապօրինի միգրանտները հիմնականում Չինաստանի քաղաքացիներ էին:
Հիմնականում այս մարդիկ աշխատում են շինարարարության ոլորտում:
Ոչ շատ վաղ անցյալում Բաքվում և երկրի այլ խոշոր քաղաքներում գործում էին բազմաթիվ չինական մերսման սրահներ, որտեղ իրականում բարգավաճում էր մարմնավաճառությունը: «Հետևողական ստուգումների շնորհիվ հաջողվեց այդ հաստատությունների գործունեությունը խափանել և գրեթե վերացնել դրանք »,- ասել է Մարդանովը: