Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է «ապացույցների անբավարարության» հիմքով:
«Տվյալ դեպքում խոսքը պետք է գնա ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով կարճելուն, այլ մեր պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Եթե Գլխավոր դատախազությունը մերժի բողոքը, Սուքիասյանի պաշտպանները պատրաստվում են դիմել դատարան, իսկ եթե տեղական ատյաններում հաջողության չհասնեն` բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: Պատգամավորը հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը` նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Օրեր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: