«Փետրվարի 3-ին ինձ Իլյիչ անունով Ալեքսանյանի աշխատակիցը զանգել և կանչել է, պատճառաբանելով, որ ուզում են գումարի հարցով պայմանավորվել, սակայն երբ հասա իրենց նշած վայրը, ինձ տարան Սամվել Ալեքսանյանին պատկանող` Կոմիտասում գտնվող «Երևան սիթի» խանութի նկուղ և մոտ 10 հոգով սկսեցին ինձ ծեծել, հարվածելով ձեռքերով, ոտքերով, փայտե մահակներով»,- սա մի հատված է Հրազդան քաղաքի բնակիչ Շահեն Հայրապետյանի` հանցագործության մասին հաղորդումից, որը երեկ նա ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է հայ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի եղբորորդու կողմից ծեծի ենթարկված Շահեն Հայրապետյանի հետ:
Միջադեպի առիթը գումարային պարտքի շուրջ ծագած վեճ է և արտացոլում է այն բեսպրեդել, որը իրենց թույլ են տալիս Հայաստանի օլիգարխների բիզնեսները կառավարող` նրանց մերձավոր ազգականները: Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը անցած տարի մոտ հինգ ամիս աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սուարեն» ընկերությունում` որպես առաքիչ: «Որոշ դեպքերում խանութներին ապրանք եմ տվել վաճառելուց հետո վճարելու պայմանով: Որոշ խանութների փակվելու հետևանքով մոտ 3 մլն դրամի պարտք էր կուտակվել: Այդ գումարի կեսը հավաքել և վերադարձրալ եմ Արտակ Ալեքսանյանին, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է»,- պատմել է Հայրապետյանը:
Այդ պարտքի հետ կապված էլ իրեն փետրվարի 3-ին տարել են վերը նշված վայրը և դաժան ծեծի ենթարկել, այնուհետև տարել և փակել են ինչ-որ ավտոտնակում, որտեղից Հայրապետյանին հաջողվել է փախչել երեք օր անց` փետրվարի 6-ին, կիրակի օրը: Երիտասարդի հետ է եղել նաև նրա մայրը, Վերգինե Հայրապետյանը, որը խանութում ուշագնաց է եղել, երբ նկուղից ծեծված որդուն բարձրացրել են վերև: Շահեն Հայրապետյանի խոսքերով, իրեն ծեծելով ստիպել են երկու միլիոն դրամի պարտավորագիր գրել: «Ստիպեցին նաև գրել, որ իբր դա ես ինքնակամ և առանց բռնության եմ գրել և ստորագրել»,- ասել է Հայրապետյանը: Վերջինս ասել է, որ ծեծի հետևանքով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, մասնավորապես, կոտրվել 1 կողոսկրերից մեկը:
Արտակ Ալեքսանյանը բռնագրավել է Հայրապետյանի «Օպել-օմեգա» մակնիշի ավտոմեքենան և ասել է, որ այն կվերադարձնի պահանջված գումարը վճարելուց հետո: «Դիմել եմ Հրազդանի ոստիկանություն և ԱԱԾ բաժին, սակայն կատարված հանցագործության մասին իմ հաղորդումները չեն ընդունել»,- ասել է Հայրապետյանը: Նա իրավապահներին է դիմել այն բանից հետո, երբ Ալեքսանյանի տղաներն իրեց գտնելու նպատակով երեկ առավոտյան հարձակվել են այն տան վրա, որտեղ բնակվում են իր մայրը և եղբոր ընտանիքը: Ահազանգելով դեպքի վայր` ժամանած ոստիկանները, երբ իմացել են, թե Հայրապետյանները ումից են ցանկանում պաշտպանվել, հրաժարվել են որևէ կերպ տեղի ունեցածն արձանագրել: