23-ամյա Արտակ Բեգլարյանի՝ ուսման իրավունքի վերականգնման հարցով սկսել են հետաքրքրվել նաև պատգամավորները, մասնավորապես, «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով այդ կապակցությամբ նամակ է հղել ՀՀ Արտգործնախարարություն՝ խնդրելով վերանայել երիտասարդի դիմումը, ապա բացատրություն տալ՝ օրենքի սահմաններում:
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը դիմել էր ԱԳՆ` Դիվանագիտական դպրոցում ուսում ստանալու նպատակով, սակայն մերժում էր ստացել` կույր լինելու պատճառով:
«ՄԱԿ-ի կողմից ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան արդեն վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, և ՀՀ նախագահն էլ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին այն ստորագրել է, որտեղ գրված է. «Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար առանց խտրականության ու մյուսների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն ընդհանուր բարձրագույն կրթությունը, մասնագիտական կրթությունը, մեծահասակների ուսուցումը եւ կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում», – իր նամակում գրել է Անահիտ Բախշյանը:
Նա հիշեցրել է ԱԳՆ մամուլի խոսնակին միջազգային կոնվենցիաներով սահմանված հաշմանդամների նկատմամբ սկզբունքները` խտրականության բացառում, հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը:
Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը Facebook սոցիալական ցանցում տեղադրել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի` իրեն ուղղված գրությունը, որին ի պատասխան իր բաց նամակում Բեգլարյանն ասել էր.
«Հարգելի պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել, դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչու՞ է խախտվել օրենքը և ով է պատասխանատու դրա համար»:
Փետրվարի 11-ին Արտակի ընկերները ԱԳՆ նամակների և դիմումների համար նախատեսված արկղ էին գցել նրա նամակը, որում ինքը պահանջում է վերականգնել իր խախտված իրավունքները:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Բեգլարյանը, այսօր արդեն ԱԳՆ-ից հեռախոսազանգի միջոցով իրեն տեղեկացրել են, որ մինչև փետրվարի 17 կտրվի պահանջագրի գրավոր պատասխանը:
Մինչ այդ մեզ հետ զրույցում Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ եթե ԱԳՆ որևէ քայլ չձեռնարկի, ինքը, գուցե, կդիմի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: