Եթե Գագիկ Ծառուկյանը զգա, որ ժողովուրդն իրեն չի վստահում, ապա արտահերթ համագումար կանի և հրաժարական կտա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` ելույթ ունենալով նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:
«Դուք կարող եք ասել, որ Գագիկ Ծառուկյանը վստահություն ունի իր ժողովրդի, իր թիմի, բոլորի կողմից: Ինչ-որ մի պահ եթե զգա, որ ինքը դա լիարժեք չի կարողանում իրականացնել, ուրեմն համապատասխան արտահերթ համագումար կհրավիրի և ինքը արժանապատվորեն` որպես կուսակցության նախագահ, դուրս կգա»,- հայտարարել է Ծառուկյանը:
Նա նշել է, որ «ում ժողովուրդը կցանկանա, ում ժողովուրդը կվստահի, և իր թիմը, և իր կուսակից ընկերները, պատգամավորները կամ խորհուրդը, ուրեմն նա էլ կղեկավարի կուսակցությունը»։
Ծառուկյանի խոսքով` ինքը կուսակցությունից կառչած չէ և դրանով չի ապրում, այլ ապրում է որպես մարդ ՝ սիրելով իր ժողովրդին, իր երկիրը, իր ծննդավայրը:
«Որոշ քաղաքական գործիչների պես ես չեմ մտել քաղաքականության մեջ ինչ-որ բանի տեր դառնալու համար, մենք թիմ ենք ստեղծել այն մարդկանցից, որոնք մտահոգ են երկրում առկա խնդիրներով: Շնորհակալ եմ իմ թիմից»,- ասել նա:
Խոսելով վերջին օրերին մամուլում ԲՀԿ համագումարին վերաբերող հոդվածների մասին` Գագիկ Ծառուկյանն ասել է, որ «այնպիսի բաներ են գրում, որոնք չկան»:
«Լրագրողները սպասում էին, որ անակնկալ կլինի, անակնկալ չկա, հերթական սովորական մեր համագումարն է», – հավելել է նա: