1990-ականների կեսերից արդեն երկու տասնամյակից ավելի տիրապետող նոր-ազատական քաղաքականությունները ճգնաժամեր առաջացրին աշխարհի տարբեր երկրներում: Մեկը մյուսի հետևից սկսեցին փլուզվել Համաշխարհային բանկի ու Առևտրի միջազգային հիմնադրամի «խորհուրդներով» առաջնորդվող պետությունների տնտեսությունները: 1994թ. Մեքսիկայի, 1997թ. Հարավարևելյան Ասիայի, 1998թ. Ռուսաստանի, 1999թ. Բրազիլիայի, 2000թ. Թուրքիայի ճգնաժամերի, 2001թ-ին Արգենտինայի տնտեսության փլուզման, 2003թ. Բոլիվիայում հանքագործների ապստամբությունների ֆոնի վրա սկիզբ առան նոր-ազատականությանն ընդդիմացող, որակապես նոր քաղաքացիական շարժումներ:
Այս մասին Փոքր խորհուրդ քաղաքական-հասարակական խմբի նիստին փետրվարի 12-ի ասել է հասարակական ակտիվիստ, միջազգային իրավունքի մասնագետ Արփինե Գալֆայանը:
Նա նշել է, որ նոր գործընթացների մեջ իր ընդգրկումով առանձնապես հետաքրքիր է Համաշխարհային սոցիալական ֆորումը (ՀՍՖ, World Social Forum), որը բնութագրվում է որպես «բազմակի, բազմազան, ոչ դավանաբանական, ոչ կառավարական, ոչ կուսակցական հանդիպման բաց վայր»: ՀՍՖ-ն առաջին անգամ տեղի է ունեցել 2001 թվականին Բրազիլիայի Պորտո-Ալեգրե քաղաքում` ընդգրկելով շուրջ 25.000 ակտիվիստների ու գործիչների, իսկ այսօրվա դրությամբ հանդիպման վայր է հանդիսանում արդեն ավելի քան 250.000 ձախ շարժումների, կազմակերպությունների ու միությունների համար:
«Մի քանի օրերի ընթացքում աշխարհի բոլոր ծայրերից որոշված տարածքում են հավաքվում դրամատիրության, նոր ազատականության և կայսերապաշտության ցանկացած ձևի կողմից աշխարհի տիրապետությանն ընդդիմացող քաղաքացիական հասարակության խմբեր, շարժումներ ու անհատներ, որոնք անցկացնում են հազարավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ, մշակութային միջացառումներ», – պատմել է Գալֆայանը:
Նրա խոսքով` Հայաստանը նոր-ազատական քաղաքականություններին անվերապահ հետևող երկրների շարքում է: Եկամուտների ու հարստությունների անարդար վերաբաշխումը, սոցիալական բևեռացվածությունը, արտաքին պարտքերի կուտակումը, որակյալ կրթության և առողջապահության անմատչելիությունը և բազմաթիվ այլ արատները` սրանք բոլորը նոր-ազատական քաղաքականությունների ուղղակի հետևանքներն ենք:
«Համաշխարհային մակարդակում` նոր-ազատական գլոբալացումը (կամ կորպորացիաների գլոբալացումը) հանգեցնում է նաև միությունների ու սինդիկատների թուլացմանը` նույնիսկ ամենահին միութենական ավանդույթներ ունեցող պետություններում: Հայաստանում, բնականաբար, իրավիճակը շատ ավելի ողբալի է: Միությունների ավանդույթները մեզ մոտ ընդհանրապես բացակայում են: Չունենք ոչ աշխատավորական միություններ, ոչ ուժեղ հասարակական կազմակերպություններ ու սոցիալական շարժումներ», – ասել է բանախոսը:
Գալֆայանի ներկայացմամբ` վերջին 3-4 տարիներին բավականաչափ ակտիվացել են մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու շարժումներ, որոնք այսօր իսկական քաղաքացիական հասարակության գործառույթ են կատարում:
«Այնուամենայնիվ, պետք է աշխատանք տանել, որպեսզի այս շարժումները դառնան կազմակերպված այնպիսի ուժ, որը կկարողանա հակադարձել գործող համակարգին կամ քաղաքականություններին: Եթե նույնիսկ վաղը Հայաստանում իշխանություն փոխվի ու հավասար դաշտ ընձեռվի տարբեր գաղափարախոսությունների պայքարի համար, մրցակցությունը գնալու է աջի ու ավելի աջի միջև: Մեր քաղաքական և հասարակական դաշտում Ձախը գրեթե անտեսանելի է: Մինչդեռ մեզ ուղղակի անհրաժեշտ է ձևավորել և հզորացնել այն և´ քաղաքական, և´ քաղաքացիական դաշտում: Իրավունքների ու ժողովրդավարության ասպարեզում առաջադիմական փոփոխությունները, սոցիալական երաշխիքները գրեթե բոլոր դեպքերում նվաճվել են միայն ու միայն ձախ ուժերի պայքարների շնորհիվ: Հայաստանում Ձախի ձևավորման համար կարևոր է բանավեճերի ու քննարկումների դաշտ ձևավորել նախևառաջ հենց քաղաքացիական դաշտում: Այս իմաստով ՀՍՖ-ի օրինակը կարող է շատ ուսանելի լինել մեզ համար: Ոչ միայն Հայաստանի տարբեր շարժումների, կազմակերպությունների անդամներ կարող են մասնակցել ու դասեր քաղել Սոցիալական ֆորումներից, այլև ինքներս հենց հայաստանյան կոնտեքստում նման ֆորումներ պիտի ձևավորենք: Տարեկան մի քանի օր մեկ տեղում հավաքել Հայաստանում գործող բոլոր սոցիալական շարժումներին, քաղաքացիական նախաձեռնություններին, առաջադեմ մտածողներին ու գործիչներին», – եզրափակել է բանախոսը:
Տեքստը տրամադրել է Արփինե Գալֆայանը