Հայերից և ադրբեջանցիներից բացի աշխարհում չկան տարբեր կրոններ դավանող և տարբեր լեզուներով խոսող երկու այլ ազգեր, որոնք մտածելակերպով և վարքով այդքան նման լինեն: Նման եզրակացության է եկել Էքստրեմալ իրավիճակում գտնվող երկու հասարակություններին մոտ 20 տարի հետևող քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Հարավկովկասյան ինտեգրում: Այլընտրանքային մեկնարկ» խաղաղապահ նախաձեռնության կայքում Ալիզադեն, մասնավորապես, գրում է.
«Հայրենասիրությունը զրկում է մարդկանց ակնհայտ երևույթները տեսնելու, տարրական փաստերը հասկանալու և ընդունելու հնարավորությունից: Օրինակ, ինձ չի հաջողվում իմ հայրենակիցներից շատերին համոզել, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, ոչ միայն հայերն են մարդկության դեմ հանցագործություններ իրականացրել, այլ նաև` ադրբեջանցիները: Ներկայացնում եմ փաստեր, վիճակագրություն, վկայություններ: Սակայն` ապարդյուն: Հայրենասիրությանը համապատասխան կառուցված ուղեղում տեղ չկա տհաճ, և վերամբարձ գաղափարներին հակասող փաստերի համար:
Երբ ես իմ` հայրենասիրաբար տրամադրված հայ գործընկերների հետ զրույցի ընթացքում հպանցիկ հիշատակում եմ հայ զինյալների կողմից իրականացրած վայրագությունների մասին, նրանց քաղաքավարությունը իսկույն վերանում է, դեմքերը քարանում են, անմիջապես զրուցակցից ես վերածվում եմ թշնամու, ով զրպարտում է ազգային հերոսներին: Սակայն միաժամանակ, աբստրակտ և ոչ թե մեր էթնոտարածքային պատերազմի մասին զրույցների ընթացքում նրանք հեշտությամբ ընդունում են նման հանցագործությունների հնարավորության հանգամանքը:
Միաժամանակ, հայրենասերները մերժում են հակառակ կողմին վեհանձն լինելու իրավունքը: Բավական է սկսեմ պատմել հայերի վեհանձն լինելու մասին, ադրբեջանական հանրության մոտ վրդովմունքի ալիք է բարձրանում:
Նույնն է կատարվում նաև Հայաստանում: Նրանց պատկերացումներում ադրբեջանցին իր բնույթով չի կարող վեհանձն լինել, քանի որ նա ադրբեջանցի է:
Մեզ մոտ շատերը ամենայն լրջությամբ հավատում են, որ միջնադարյան Սեֆեվյան Պարսկաստանն ադրբեջանական երկիր է եղել: Եվ ուշագրավ է այն, որ հայ հայրենասերներն էլ սգում են Ծովից ծով Հայաստանի կորստի համար:
Ծիծաղելի չէ՞ Իրանում 47 տարի հայկական արքայատոհմի իշխելն անվանել Մեծ Հայքի գոյության ժամանակաշրջան: Եթե այս ստեղծագործական մեթոդը կիրառենք ժամանակակից պատմության վրա, կստացվի, որ Իոսիֆ Ջուգաշվիլիի կառավարման օրոք ԽՍՀՄ-ը Մեծ Վրաստան է եղել:
Սակայն հարգելիներս, ի՞նչ կա այդ Մեծ Հայքում և Սեֆեվյան Ադրբեջանում: Ինչո՞վ ենք մենք հպարտանում: Ինչի՞ կորստի շուրջ ենք տխրում: Ի՞նչն է ջերմացնում ձեր հոգին: Ի՞նչ գործ ունեք այդ Բագրատունիների և Սեֆեվյանների հետ: Գոյություն ունեին խարդախ թագավորներ, նվաճողներ, գողեր, բռնապետներ և դահիճներ: Դաժան ժամանակներ էին, ներկայիս իրականությունից ավելի դաժան, գոյության կռիվ էր տարվում, պայքար իրերի, մարդկանց, կենդանիների և հողերի համար: Նրանք, ում մենք հիմա հերոս ենք համարում, այդ դաժան և վայրենի պայքարում ավելի վայրենի են գտնվել: Նրանք սպանել ու հաղթել են իրենց հակառակորդներին, որոնց դերում հաճախ լինում էին հայրեր, եղբայրներ, քույրեր: Նրանք կարողացել են հրկիզել և վերացրել այլ տիրակալների բնակավայրերը: Գողանում էին և սեփականացնում այն, ինչ ձեռքներն ընկնում էր:
Հայաստանի համար հպարտության և բարի հիշողությունների աղբյուր է Ծովից ծով Հայաստանը: Ադրբեջանցիների համար` Սեֆեվյանների կայսրությունը վարդագույն երազ է: Դե ինչ, նմա՞ն ենք:
Հակամարտության այս ողջ տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց ժողովրդի հիշողությունից ջնջել հայ ազգի հետ կապված ամեն լավ բան: Չեմ կասկածում, որ նույն գործով էին զբաղված նաև հայ հայրենասերները:
Ներկայացնեմ հայկական ֆաշիզմի լրիվ թարմ օրինակ` ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության առնչությամբ հայերի զանգվածային հիստերիան: Նույնը կատարվում է և մեզ մոտ: Ադրբեջանի ազգերի հեքիաթների հիանալի ժողովածուն արգելվեց միայն նրա համար, որ ազգերի և մշակույթների միջև եղբայրության և հումանիզմի գաղափարներով դաստիարակված հրատարակիչները ժողովածուի մեջ ընդգրկել էին նաև հայկական հեքիաթ: Որպեսզի մեր ընթերցողները հայկական հեքիա՞թ կարդան: Ոչ մի դեպքում: Ո՛չ ասենք հայկական հեքիաթներին: Ո՛չ ասենք ադրբեջանական ֆիլմերին: Ֆաս: Եվ նետվում են հայ ու ադրբեջանցի հայրենասերները պատռելու նրանց, ովքեր ցանկում են մարդ մնալ:
Ինչ նման են մեր նեղ ուղեղով ազգայնականները: Ճիշտ էր Օլժաս Սուլեյմենովը, երբ ասում էր. «Ազգայնականների հաղթանակը` ազգի պարտությունն է»»: