Ժողովրդական կուսակցության նախագահ, փակված ԱԼՄ հեռուստաալիքի ղեկավար Տիգրան Կարապետյանը վերջին անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել է մեկ տարի առաջ:
Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով այն հրապարակումներին, համաձայն որոնց ինքն ակտիվորեն շփվում է Գագիկ Ծառուկյանի հետ, Ժողովրդական կուսակցության նախագահն ասել է, որ իրենց մեջ կապ չկա:
««Ժամանակ» օրաթերթը, «Չորորդ ինքնիշխանությունը» և «Հայկական ժամանակը» իմ դեմ արշավ են սկսել, իրանք վաղը կարող ա ասեն, որ ես Մաո Ցզե Դունի հետ եմ հանդիպել էն աշխարհում: Եթե սկսել են արշավ, ուրեմն վախենում են»,- հայտարարել է Կարապետյանը:
Համաժողովի ընթացքում Կարապետյանը նշել է, որ իրեն ՀԱԿ-ից ասում են, որ ինքը միանա Կոնգրեսին: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանը դիմել է Տիգրան Կարապետյանին` հարցնելով, թե արդյո՞ք վերջինս պաշտոնական հանդիպում ունեցել է ՀԱԿ-ի որևէ ներկայացուցչի հետ, և ո՞վ է նրան առաջարկել միանալ:
«Այ դուք եք գրում, ձեր թերթն ա գրում», – բորբոքվել է Կարապետյանը:
«Մենք ի՞նչ ենք գրում, որ դուք միանաք մե՞զ (օրաթերթին)»,- հարցրել է լրագրողը:
«Հա, բա չէ, բաբոյիդ միանամ: Գիտեք ինչ, դուք մի նմանվեք բուլվարային թերթերին, որոնք ամեն տեսակ հերյուրանք են գրում, գրում են` գող, ավազակ: Գող եք դուք, Լևոն Տեր-Պետրոսյանն ա գող, որ սաղ թալանեց, 1500 հատ գործարան փակեցին: Լևոն Տեր-Պետրոսյանն իմ դեմ է պայքարում, ես պայքարում եմ Սերժ Սարգսյանի ու ողջ իշխանության դեմ», – նշել է Կարապետյանը:
Նա նաև հայտարարել է, որ ՀԱԿ-ին ընդունում է, բայց չի ընդունում ՀՀՇ-ին, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին լավ կարծիքի է` նրան համակրում է:
«Դուք հենց նոր վիրավորեցիք Նիկոլ Փաշինյանի լրագրողին, ու դա համարում եք Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրա՞նք», – Կարապետյանին կրկին հարց է ուղղել լրագրողը:
«Բայց ես ի՞նչ վիրավորեցի որ, բաբոն վա՞տ բան ա, դու բաբո չունես, Աստված տա ունենաս»,- ասել է Կարապետյանը:
Լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Տիգրան Կարապետյանը դատական հայց ներկայացնել ՀՌԱՀ-ի դեմ, նա ասել է, որ դատարան է կանչելու Սերժ Սարգսյանին.
«ՀՌԱՀ-ը ընդամենը կատարող ա, վերևից ա եղել հրահանգ փակելու ԱԼՄ-ն, իսկ Սերժ Սարգսյանին կանչելու եմ դատարան, որովհետև վերևից ա եկել հրահանգը, էս վերջնագրից լավ դատավարություն չկա»,- ասել է նա: