ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ-Ռահման ալ Հասանը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կզարգանան: Այդ ամենի համար, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ և պատմականորեն ձևավորված ամուր հիմք կա:
«Վստահ եմ, գիտեք, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում արաբ ժողովրդի նկատմամբ: Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դժվարին պահերին արաբ ժողովուրդը սատար է կանգնել հայ ժողովրդին: Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունից հետո արաբ ժողովուրդն, իրոք, սիրով ընդունեց հայ ժողովրդի մի մեծ հատվածի և պայմաններ ստեղծեց, որպեսզի մեր ժողովրդի այդ հատվածը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը և զարգանա»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Օմանի դեսպանն այս կապակցությամբ նշել է, որ ամբողջ արաբական աշխարհում հայերը ճանաչված են և տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ հարգանք են վայելում: Նա կարևորել է տնտեսության, մշակույթի և այլ բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության կարևորությունը: