«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` օրերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) եղբորորդին` 2004-ին դիտավորյալ սպանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Մայիս Խաչատրյանը:
Մայիս Խաչատրյանն ու նրա հորեղբոր տղան Էյնեռ Խաչատրյանը (Լիսկայի մյուս եղբորորդին է) 2004-ի փետրվարի 29-ին ժամը 23:30-ի սահմաններում դանակի 12 հարվածով սպանել էին Գորիսի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հայր 34-ամյա Հովհաննես Բադալյանին: Վերջինս մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյնեռ Խաչատրյանին, թեթևակի դիպել էր նրան, ինչի համար էլ գազանաբար սպանվել էր: Էյնեռ Խաչատրյանը 2005-ին դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման և ազատ արձակվել: ՀՀ իրավակիրառական պրակտիկայում դիտավորյալ սպանության համար դատապարտվածներին սովորաբար պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակվում: