Իրանի իշխանությունները փետրվարի 14-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի հրահրման պատասխանատվությունը գցում են ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Լրագրողների տվյալներով` իրանական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը ընդհանուր հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի, բողոքի ակցիայի մեղավորներ են ճանաչվել ընդդիմադիր առաջնորդներ` նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին, մեջլիսի նախկին խոսնակ Մեհդի Քյարուբին, ինչպես նաև Իրանի նախկին նախագահ Մուհամեդ Խաթամին:
Հիշեցնենք, որ երեկ Իրանում ընթացող ցույցերին նվիրված խորհրդարանի նիստի ժամանակ իրանցի պատգամավորները պահանջել էին կախաղան բարձրացնել Միր-Հոսեյն Մուսավիին և Մեհդի Քյարուբիին: Պատգամավորները շարունակ հնչեցնում էին հետևյալ կարգախոսները «Մահ Մուսավիին», «Մահ Քյարուբիին», «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»:
Հիշեցնենք, որ հակակառավարական բազմահազարանոց բողոքի ակցիաներն Իրանում մեկնարկել են փետրվարի 14-ին` ի պաշտպանություն Թունիսի և Եգիպտոսի իրադարձությունների: Իրանական ոստիակնությունը դաժանորեն կասեցրեց ժողովրդի ընդվզումը, որի հետևանքով սպանվեցին երկու իրանցիներ: