Home / Հայաստան / Հայաստանն իր հնացած բանակով ավելի կայուն է Վրաստանից և ժողովրդավարական` Ադրբեջանից

Հայաստանն իր հնացած բանակով ավելի կայուն է Վրաստանից և ժողովրդավարական` Ադրբեջանից

Հայաստանն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես երկիր, որը գտնվում է ծանր քաղաքական և տնտեսական պայմաններում, բայց կարողացել է էական հաջողությունների հասնել պետականության կառուցման, ռազմական ոլորտի և տնտեսական զարգացման մեջ: Այս մասին «Պոստմոդեռնիզմի աշխարհաքաղաքականությունը» պարբերականում գրում է վերլուծաբան Իգոր Մուրադյանը: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ հայերին հատուկ է չափազանցնել իրենց հաջողությունները:

«Իրականում տնտեսական և սոցիալական վիճակը նախկինի պես ծանր է մնում: Միաժամանակ, կասկածելի են մնում նաև ռազմական ոլորտի հաջողությունները: Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության արդյունքում չհաջողվեց ստեղծել ժամանակակից բանակ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում հենց Ռուսաստանի հետ միակողմանի համագործակցության պատճառով:

Հայաստանի զինված ուժերը հնացած են, ժամանակակից պաշտպանության պահանջներին չեն համապատասխանում: Հայաստանը պաշտպանության զարգացման չափազանց բարձր նիշ է վերցրել, ինչը չի համապատասխանում նրա տնտեսական զարգացմանը և մարդկային ռեսուրսներին:

Միևնույն ժամանակ, Հայաստանը ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից դիտարկվում է որպես Հարավային Կովկասի միակ լուրջ ռազմական դաշնակից, որից կախված է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Հյուսիսատլանտյան Դաշինքի հարաբերությունները Հայաստանի հետ կհանգեցնեն ոչ միայն ներտարածաշրջանային, այլ նաև որոշ ռազմավարական խնդիրների լուծմանը, առավել ևս, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանն ապացուցեց, որ անհամեմատելիորեն ավելի հաջող կերպով է իրականացնում խնդիրները և ավելի շատ հիմքեր ունի ՆԱՏՕ ինտեգրվելու համար, քան Արևելյան Եվրոպայի ցանկացած երկիր:

Հարավային Կովկասում Հայաստանի հարևաններն ավելի քիչ կազմակերպված և դինամիկ են պաշտպանության ոլորտում: Բավարար սպառազինության դեպքում Հայաստանը կարող է ռազմական դաշտում զրոյացնել Ադրբեջանի հնարավորությունները:

Մի կողմից, Հայաստանն անհամեմատ ավելի կայուն է, քան Վրաստանը, և նկատելիորեն ավելի  ժողովրդավարական է, քան Ադրբեջանը: Այս փաստը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին երկիրն ավելի շահեկան լույսի ներքո ներկայացնել: Սակայն ժողովրդավարության բնագավառում Հայաստանի ներկայիս իրավիճակը նույնպես չի կարող նորմալ համարվել: Հայաստանում քաղաքական ռեժիմը համարվում է բռնապետական, որը պայմանավորված է օլիգարխների և տարբեր կլանների ազդեցիկությամբ:

Միայն մտավորականներն ու քաղաքական դասի լայն շերտերն են նպաստում որոշ առումով ժողովրդավարության մակարդակի պահպանմանը: Սակայն, անկասկած, Հայաստանը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման լավ հեռանկարներ  ունի»,- գրում է Իգոր Մուրադյանը: