Home / Հայաստան / Հայ Ազգային Կոնգրեսը թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. կարծիք

Հայ Ազգային Կոնգրեսը թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. կարծիք

Վերջին զարգացումների արդյուքնում էապես փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը: Իրականում ինչ է տեղի ունենում` Ռոբերտ Քոչարյանը, իրեն բնորոշ գործելակերպով փորձելով մնալ ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր գնահատականն է տվել այսօր Հայաստանում տիրող ներքաղական իրավիճակին, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու հավանականությանը:

«Քոչարյանը փորձել է արդեն որոշակի անկայունություն մտցնել կոալիցիոն շրջանակներում: Այսինքն` հիմա ուրվագծվում է մի այսպիսի իրավիճակ` Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ունենալով Արևմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր իշխող դիրքերը, Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով, և, օգտագործելով իր ահռելի ֆինանսական միջոցները, որոնք մեր ժողովրդից թալանված միջոցներն են, փորձում է ցուցադրել, որ ինքը վայելում է կրեմլյան քաղաքական աջակցությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բացառված է, որպեսզի է Մոսկվան որևէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին` հաշվի առնելով այն հսկայական ատելությունը Քոչարյանի նկատմամբ մեր հասարակության մեջ,  և այն, որ նրան սպասում է ամբաստանյալի աթոռը»,- մեկնաբանել է բանախոսը:

Նրա գնահատմամբ` այդ գործողությունները ուղղակի Քոչարյանի կողմից ցուցադրական քայլեր են, որպեսզի թյուրըմբռնում ստեղծի, թե ինքը վայելում է Մոսկվայի քաղաքական աջակցությունը: Նա նշել է, որ, այս գործոնների հետ միասին, կա ավելի լուրջ քաղաքական գործոն` Հայ Ազգային Կոնգրեսը:

«ՀԱԿ-ն է, որ այսօր հանդիսանում է հանրապետության կայունության երաշխավորը, և Քոչարյանի բոլոր փորձերը` անկայունություն մտցնելու, դատապարտված են:

Բացառված է Ռոբերտ Քոչարյանի` իշխանության որևէ դիրքի վերադառնալու հավանականությունը, Հայ Ազգային Կոնգրեսը թույլ չի տա. իշխանափոխությունից հետո նրան սպասում է դատապարտյալի աթոռը»,- հայտարարել է Շահնազարյանը:

Նա խորհուրդ է տվել ԲՀԿ-ին հստակ տարանջատվել ապագա ամբաստանյալից` նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, եթե նրանք ուզում են որոշակի հասարակական դիրք ունենալ: