Այսօր ևս Գյումրիում վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները քաղաքի տարբեր փողոցներում խառը երթուղիներով ավտոերթ են իրականցրել. յուրաքանչյուր մեքենային հետևել է մեկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա:
«Պարզվեց` լիքը պարապ ոստիկան կա, էսօր էլ ամեն մեքենայի հետևից մի ոստիկանական մեքենա էր գալիս»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ այսօր Գյումրիի ակցիային պետք է մասնակցեին Վանաձորի` վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները, սակայն Ջաջուռի մոտ նրանց ճանապարհը փակել են և թույլ չեն տալիս Գյումրի գնալ:
«Հենց հիմա մենքենաները կանգնած են, նրանց թույլ չեն տալիս միանալ Գյումրիի ակցիային: Այնտեղ են Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Թադևոսյանը, Շիրակի ոստիկանության բաժնի պետ Ենգոյանը, նրա տեղակալ Գալստյանը և մի քանի ճանապարհային ոստիկանության մեքենաներ: Նրանք ոչ մի ձև չեն մեկնաբանում իրենց գործողությունները. ասում են` հրաման ենք կատարում»,- ասել է Բարսեղյանը և հավելել, որ այս անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրենց շատ ավելի հանգիստ են պահում` «ավելի ագրեսիվ են պետերը»:
Բարսեղյանի փոխանցմամբ` այժմ մարդիկ հավաքվել են ոստիկանության շենքի առջև և սպասում են, որ որևէ մեկը դուրս գա և մեկնաբանի ոստիկանների գործողությունները:
«Այսօր նույնպես շրջափակված է «Ասպարեզ» ակումբ մտնող մոտ 15 թաղամասերի մուտքերը, և ոստիկանները ոչ միայն մեքենաներին չեն թողնում մտնել ակումբի տարածք, այլ նաև այնտեղ գտնվող մեքենաներին արգելում են դուրս գալ: Մարդիկ էլ ասում են` ոչինչ, մենք ոտքով կգնանք»,- ասել է Լևոն Բարսեղյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ երեկ ՀՀ Գլխավոր դատախազություն ֆաքսով ուղարկվել է հաղորդագրություն հանցագործության մասին:
«Այսօր ևս կուղարկենք հաղորդագություն և հետևողական ենք լինելու, որպեսզի կանխենք այս ոստիկանական ապօրինությունները»,- ասել է Սաքունցը:
Հիշեցնենք, որ սկսած փետրվարի 5-ից` մի քանի տասնյակ վարորդներ բողոքում են Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ: Վարորդներն իրենց գործողությունների ծրագիրը նախապես չէին հրապարակում, իրենց խոսքով, ոստիկաններին անհանգստություններ պատճառելու համար: