KSEE հեռուստաընկերության լրագրողական անձնակազմի 3 անդամներ` լրագրող Ստեֆանի Բուրուջյանը, ֆոտոլրագրող Ջորջ Գարնիկան և պրոդյուսեր Փոլ Չաթերջյանը 2010 թվականի դեկտեմբերի կեսերին ժամանել են Հայաստան` Հայաստանի զբոսաշրջության խորհրդի հրավերով, հաղորդում է Fresno Bee-ն:
Նրանք 8 լրագրողներից բաղկացած խմբի մի մասն էին կազմում, ովքեր 5 օր անցկացրել են Հայաստանում: Լրագրողների ուղևորության ծախսերը հոգացել են Հայաստանի զբոսաշրջության խորհուրդն ու ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալությունը (USAID):
KSEE հեռուստաալիքի թիմը Հայաստանի մասին 10 մասից բաղկացած ֆիլմ նկարահանելու համար բավականաչափ պատմություններ է կուտակել: Ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր օր երկու պատմություն կցուցադրվի հեռուստաալիքի առավոտյան շոուի ընթացքում, այնուհետև դրանք կկրկնվեն նույն օրվա երեկոյան 6-ի և 11-ի լրատվական ծրագրերի ժամանակ:
«Ես հուսով եմ, որ մեր հեռուստադիտողներին կհետաքրքրեն մեր պատմությունները: Մենք հիանալի արկածներ ունեցանք Հայաստանում և ես չափազանց ուրախ էի, որ ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու այդ ծրագրին»,-ասել է Բուրուջյանը:
Թեև ժամկետները չափազանց սեղմ էին, KSEE-ի լրագրողական եռյակին հաջողվել է մի քանի հավելյալ նյութեր պատրաստել Հայաստանում ապրող ամերիկացիների, ինչպես նաև հայկական խոհանոցի մասին: Բուրուջյանը մտադրություն է ունեցել պատմություն գրել նաև երկրի քաղցկեղի կենտրոնների մասին, սակայն նրան չի հաջողվել որևէ զրուցակից գտնել:
«Հայաստանցիներն այնքան բաց չեն խոսում քաղցկեցի մասին, որքան մենք», – նշել է Բուրուջյանը: