Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011 թվականի ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։ Սերմացուի տեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի պետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացն իրականացվի պատշաճ վերահսկողությամբ։