Սա ընդամենը իշխանության ներսում սրված պայքարն է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` մեկնաբանելով կոալիցիայի կողմից ստորագրված հուշագիրը, համաձայն որի կոալիցիան գալիք նախագահական ընտրություններին հանդես է գալու մեկ միասնական թեկնածուով:
«Տեքստի պարունակությունը, ինչպես նաև դրա նշանակությունը գործընթացների առումով, տասներորդական են: Սերժ Սարգսյանին այս պահին հաջողվել է առավելության հասնել իշխանության ներսում», – ասել է Մուսինյանը:
Նրա խոսքով` այս ամենը հայաստանյան քաղաքական օրակարգի չնչին մասն է կազմում:
«Գլխավոր օրակարգը Հայ ազգային կոնգրեսը ձևակերպել է, ինչպես նաև կհաստատի վաղը` Մատենադարանի հարակից հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ», – ասել է մամուլի խոսնակը:
Epress.am-ի հարցին, թե կոնկրետ ինչ քաղաքական օրակարգի մասին է խոսքը, Մուսինյանը պատասխանել է. «Դա իշխանությունների հեռացման գործընթացն է, սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և դրանում իշխանության հանցակցությունն ու պատասխատվությունը, արտաքին քաղաքական ոլորտում կատարյալ ձախողումներն են»:
«Եվ ընդհանրապես, Հայաստանում քաղաքական օրակարգ սահմանում է Հայ ազգային կոնգրեսը», – եզրափակել է Մուսինյանը: