Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանում սկսվել է ազգային անվտանգության նոր հայեցակարգի քննարկումը: Ինչպես վստահեցնում են երկրի պաշտոնատար անձինք, նոր հայեցակարգում Վրաստանի թշնամու դերում ոչ մի կոնկրետ երկիր չի հիշատակվում:
Բացի Ռուսաստանից և «արաբական հեղափոխություններից», «Գրուզիա Օնլայն» պարբերականը Վրաստանի անվտանգության հարցում հնարավոր վտանգ է տեսնում ղարաբաղյան պատերազմի վերսկսման մեջ: Այն դիտարկվում է որպես «Վրաստանի ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգ» :
Վերլուծության հեղինակ Գելա Վասաձեի կարծիքով` լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, փլուզման եզրին կկանգնեն արևելք-արևմուտք տարածշրջանային բոլոր ծրագրերը, մասնավորապես, Բաքու-Էրզրում երկաթուղու կառուցումը, Փոթի- Բաքու, Բաթում-Բաքու, Բաթում-Երևան ավտոմայրուղու շինարարությունը, «Նաբուկո» գազատար խողովակի կառուցումը, միաժամանակ կդադարեցվի նաև Բաքու-Ջեյհան նավթատար խողովակի գործունեությունը:
Ըստ վերլուծաբանի` պատերազմի վերսկսման դեպքում զբոսաշրջության մասին ընդհանրապես խոսք գնալ չի կարող:
«Վրաստանն առավել շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ: Միաժամանակ այդ շահագրգռվածությունը ոչ մի կերպ չի վերածվում հստակ քայլերի, կամ էլ դրանք պարզապես տեսանելի չեն: Ռուսաստանի օկուպացիայի մասին խոսակցությունների համատեքստում, մենք մի տեսակ մոռանում ենք այլ, ոչ պակաս կարևոր և անգամ ավելի արդիական խնդիրների մասին: Իհարկե, այն Վրաստանի ազգային անվտանգության սպառնացող միակ վտանգը չէ, սակայն ներկայումս իրադարձություններն այնպես են դասավորվել, որ այդ խնդիրը դարձել է համար մեկը»,- եզրափակել է Վասաձեն: