Թուրքական դատարանը մեղադրական վճիռ է կայացրել այլախոհ կայքի 3 լրագրողների նկատամբ, որոնք կասկածվում են երկրի կառավարությանը գահընկեց անելու մտադրությամբ դավադրություն կազմակերպելու մեջ:
Կասկածյալ դավադիր լրագրողների թվում են եղել Odatv-ի սեփականատեր Սոներ Յալչինը, և նրա երկու գործընկերները: Վերջիններիս գրասենյակները և տները հարձակման են ենթարկվել ոստիկանության կողմից: Միջադեպի կապակցությամբ Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն:
Թուրքիայի կառավարությունը մեղադրել է դեսպանին երկրի ներքին գործերին խառնվելու մեջ և հայտարարել է, որ Թուրքիայում ԶԼՄ-ներն ավելի շատ աղազտություն ունեն, քան աշխարհի շատ երկրների լրագրողներ, ներառյալ ԱՄՆ-ն:
Նշենք, որ նախաքննության վարկածով լրագրողները կապեր էին ունեցել նաև «Էրգենեկոն» գործի հետ, որով անցնում են 400 նախկին պատոնյաներ, քաղաքական գործիչներ, թոշակի անցած զինվորականներ: Վերջիններիս նույնպես մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ: «Էրգենեկոնի» գործով անցնողներն ազգայնական հայացքներ ունեն, համաձայն թուրք լրագրողների կողմից բացահայտված մի շարք վկայությունների, խմբավորումն առնչվում է նաև թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ: