Իշխող ռեժիմի, ասել է թե` «օկուպացիոն» ռեժիմի բուրգի ներսում կատարվող գզվռտոցները` նույն ՀՀԿ-ԲՀԿ հորջորջվող «տարաձայնությունները», պետք է դիտարկել հետևյալ տրամաբանությամբ` այդ ամբողջը կատարվում է սոսկ ռեժիմի վերարտադրման համար, գրում է Ժիրայր Սեֆիլյանը «Հրապարակ» օրաթերթում տպագրվածիր հոդվածում.
«Այսինքն` ակնհայտ է, որ նախընտրական պայքարը սկսվել է, և այս բոլորն ընդամենը դասավորումներ և վերադասավորումներ պետք է համարել, ավել` ոչինչ: Անշուշտ, բռնատիրական ռեժիմների օրոք «ընտրություն» հասկացողությունը միայն ու միայն վերարտադրման նպատակով է կատարվում , իսկ այս` հնչեղություն ստացած իրողությունները կապ չունեն մեր ժողովրդի և մեր ապագայի հետ: Վերջին շրջանում բոլորի ուշադրության կենտրոնում այս անիմաստ իրողությունն էր , շատերի միակ խոսակցությունը` ՀՀԿ-ԲՀԿ իբր տարաձայնությունները , բայց եկեք մտածենք` սրանից մենք ի՞նչ ենք շահելու , ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ նույն ռեժիմը ձևավորող տարբեր օղակներից: Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմացել են, որ Ծառուկյանն ընդունել է Սերժի պարտադրանքը (խոսքը կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման և 2013 թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու որոշման մասին է), որովհետև բռնատերերի օրոք որևէ մի օլիգարխ չի կարող ծպտուն հանել և բռնապետի խոսքից նշույլ անգամ շեղվելով շարժվել: Ես զարմանում եմ` բոլորն ինչո՞ւ են այդքան զարմացած , ի՞նչ է պատահել:
Իհարկե, սա ներիշխանական խաղ էր, որը կապ չունի ժողովրդի հետ:
Ընդամենը դասական խաղի օրինակ. պարոն դիկտատորը պատրաստվում է վերարտադրվել, մոռանալով, որ արդեն անցել է դիկտատորների ժամանակաշրջանը: Այդուհանդերձ, այս խաղերն ի վերջո ապարդյուն են լինելու , և գալու է ժամանակը, ու ժողովուրդն իր խոսքն ասելու է: Ի վերջո` դա չպետք է մեզ հետաքրքրի, չպետք է հետաքրքրեր ի սկզբանե, քանի որ այս համակարգից ձերբազատվելու լուծումը` համենայնդեպս ոչ ընտրություններով ճանապարհի մեջ է, այլ ուղիղ ժողովրդավարության հասկացողությամբ: Ժողովուրդը պիտի հավաքվի և պարտադրի իր կամքը այս ռեժիմին` օր առաջ փլուզելու: Մանավանդ որ ժամանակները եկել են մեզ օգնելու, արաբ ժողովուրդն է եկել մեզ օգնելու, և հստակ ցույց են տալիս ոչ ընտրություններով ճանապարհը»: