Լիբիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Երկրի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը, իսկ բնակչության քանակով երրորդ քաղաքը` Էլ-Բեյդան, անցել է ցուցարարների վերահսկողության տակ:
Ներկայումս Լիբիայի իշխանությունները զորք են մտցնում երկրորդ քաղաք Բենղազի, հաղորդում է BBC-ն: Ականատեսների խոսքերով` քաղաք են մտել մի քանի զրահապատ մեքենաներ, որոնցից 4-ը շրջափակել են դատարանի շենքը: Բենղազիում դադարեցվել է էներգիայի մատակարարումը, փակ է տեղի օդանավակայանը:
Չճշտված տվյալների համաձայն, զինվորականների մի մասն անցել է ընդդիմադիրների կողմը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցուցարարները հրկիզում են ոստիկականական բաժանմունքները: Իրավապաշտպանների տվյալներով, վերջին երեք օրերի ընթացքում բողոքի ակցիաների արդյունքում Լիբիայում 84 մարդ է զոհվել:
Նման տեղեկություններ ստացվել են տեղի հիվանդանոցներից և ականատեսների խոսքերից: Ինչ վերաբերում է Էլ-Բեյդա քաղաքին, այն գտնվում է ընդդիմադիրների իշխանության ներքո, քանի որ ոստիկաններն անցել են ցուցարարների կողմը: Հաղորդվում է նաև, որ բողոքի ակցիան ցրել ցանկացող որոշ ոստիկանների զայրացած ամբոխը բռնել և կախաղան է բարձրացրել: Հայտնի է, որ քաղաքը շուրջկալի մեջ են վերցրել իշխանական զորքերը:
Հիշեցնենք, որ ցույցերը Լիբիայում սկսվեցին այն ժամանակ, երբ Եգիպտոսի զանգվածային ցույցերի արդյունքում նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: