Home / Հայաստան / «Ժառանգությունն» առաջարկում է մաքսազերծման օրենքի մասին խոսել ԱԺ արտահերթ նիստում

«Ժառանգությունն» առաջարկում է մաքսազերծման օրենքի մասին խոսել ԱԺ արտահերթ նիստում

Այսօր «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ԱԺ «ՀՀԿ», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանին, Գագիկ Ծառուկյանին, Հեղինե Բիշարյանին և Վահան Հովհաննիսյանին` առաջարկելով փետրվարի 24-ին` հինգշաբթի օրը, արտահերթ նիստ հրավիրել` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի երկու նախագծերի քննարկման օրակարգով:

«Երկու նախագծերը միմյանց չեն հակասում, ավելին` լրացնում են մեկը մյուսին, և նպատակ ունեն կարգավորել 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում «անհապաղ» մաքսազերծման պահանջի պատճառով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների հազարավոր սեփականատերերի համար հարուցված խնդիրները:

Ծագած խնդիների օբյեկտիվ և մարդասիրական լուծումը գտնվում է հետևյալում. այդ բազմահազար անձանց գոնե երկու տարի ժամանակ տրամադրել, ինչպես նախատեսում է Ս.Բալասանյանի ներկայացրած նախագիծը, և նման ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար ժամանակավորապես վերականգնել ՀՀ Մաքսային օրենսգրքի նախկին պայմանակարգը, ինչպես նախատեսում է «Ժառանգության» պատգամավորների հեղինակած օրինագիծը, ինչպես նաև` այլ փոփոխությունների ու լրացումների միջոցով հստակեցնել, պարզեցնել ու ռացիոնալացնել մաքսազերծման ընթացակարգը, դրույքաչափերը, որպեսզի ավտոմեքենա ներմուծող մեր հայրենակիցները չխուսափեն մաքսազերծումից: Այդ ընթացքում հնարավոր կլինի հարցը կարգավորել առանց ցնցումների, փակուղուց հանելով բազմաթիվ անձանց, ովքեր իրականում հայտնվել են անելանելի դրության մեջ և այլ հնարավորություն չունենալով` նման կերպ են կարողանում հայթայթել նվազագույն ֆինանսական միջոցներ` իրենց ընտանիքների գոյատևման համար», – ասված է «Ժառանգության» նամակում: