Առնվազն 61 մարդ է մահացել այսօր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մոլեգնող հակակառավարական ցույցերի արդյունքում: Հազարավոր մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը, դարձել են զինվորականների կրակոցների թիրախներ: Ինչպես իր հեռուստաելույթում խոստացել էր Մուամար Քադաֆիի որդին՝ Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին,« բանակը կրակում է մինչև վերջին փամփուշտը»: Որոշ տեղեկությունների համաձայն, Լիբիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծում են մարդկանց օդից: Չնայած դրան, էլ ավելի շատ մարդիկ են փողոցներ դուրս գալիս: Մասնավորապես, ցուցարարներն արդեն իրենց հսկողության տակ են վերցրել Բենղազի քաղաքը, իսկ Տրիպոլիում փողոցային կռիվներ են ընթանում ցուցարարների և ուժայինների միջև:
Ինչպես «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ժնևում գործող Լիբիայի լրատվական կենտրոնի վերլուծաբան Ահմեդ Էլղազիրը, Քադաֆիին սատարող զորքերը «ջարդ են կազմակերպել մայրաքաղաքում»:
Այնուամենայնիվ, լիբիացիները շարունակում են նորանոր տարածքներ գրավել մայրաքաղաքում: Ցուցարարների կողմն են անցնում բազմաթիվ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի արդարադատության նախարարը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Լիբիայում 41 տարի կառավարող Մուամար Քադաֆին կամ լքել է, կամ պատրաստվում է լքել երկիրը և ուղևորվել Վենեսուելա: Վենեսուելայի իշխանությունները, սակայն, հերքել են այն լուրերը, որ իրենք պատրաստվում են ընդունել Քադաֆիին:
Նշենք, որ այսօր մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մտնել Լիբիա: Մինչ այդ Քադաֆիի ռեժիմն արգելում էր լրագրողների մուտքը երկիր, իսկ այժմ Եգիպտոսի սահմանին գտնվող հատվածը, որը լիովին գտնվում է հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո, բացել են լրագրողների համար, ովքեր հնարավորություն կունենան Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել երկրի ներսից: